Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Չեչնիայի Ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու մասին՝ տարածաշրջանի ղեկավարի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար:
Թելեգրամյան ալիքում Կադիրովը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցությունն իր համար «առանձնահատուկ կարևոր» և պատասխանատու քայլ է: Նրա խոսքով՝ Չեչնիայի Հանրապետության Ընտրական հանձնաժողովի նախագահ Ումար Բայխանովն իրեն է հանձնել անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման հավաստումը և հատուկ ընտրական հաշիվ բացելու թույլտվությունը:
Կադիրովը նշել է, որ կողմ է տարածաշրջանի ղեկավարի ուղղակի ընտրությունների պահպանմանը՝ ընդգծելով, որ հենց բնակիչները պետք է ընտրեն հանրապետության ղեկավարին:
Նա հայտարարել է նաև, որ վերջին տարիներին Չեչնիայում զգալի առաջընթաց է գրանցվել տարբեր ոլորտներում՝ այդ հաջողությունները կապելով հանրապետության առաջին նախագահ Ախմատ-Հաջի Կադիրովի քաղաքականության և «հասարակության ու իշխանության միասնության» հետ:
Կադիրովը հավելել է, որ ընտրողների աջակցությունը ստանալու դեպքում կշարունակի աշխատանքը տարածաշրջանի զարգացման ուղղությամբ և հայտարարել է, որ մտադիր չէ բարձրագոչ խոստումներ տալ, այլ «կզբաղվի այն ամենով, ինչով մինչ այժմ զբաղվել է», որպեսզի ավելի շատ բան անի հանրապետության բնակիչների համար:
Source: https://news.am/hy/news/1048686