Շաբաթ գիշերը Բահրեյնում և Քուվեյթում օդային տագնապի ազդանշաններ են միացվել՝ Պարսից ծոցի տարածաշրջանում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների մասին լուրերի ֆոնին։

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 04:15-ին բնակիչներին և երկրում գտնվող օտարերկրացիներին հորդորել է հանգստություն պահպանել և ուղղվել դեպի մոտակա ապաստարաններ։ Տագնապի հայտարարման պատճառն ի սկզբանե չէր հստակեցվում։

Գրեթե միաժամանակ Քուվեյթի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում «թշնամական հրթիռների և անօդաչուների» հարձակումը։ Զինվորականները նախազգուշացրել են, որ բնակիչները կարող են պայթյունների ձայներ լսել, որոնք կապված են օդային թիրախների խոցման հետ։

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով FlightRadar24 թռիչքների հետագծման ծառայության տվյալներին, տագնապի ազդանշանններից հետո դեպի Քուվեյթ ուղևորվող մի շարք ինքնաթիռներ ժամանակավորապես անցել են սպասման ռեժիմի։

Նոր տագնապը հնչել է Քուվեյթի տարածքին հասցված մի շարք հարվածներից ընդամենը օրեր անց։ Այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այդ ժամանակ վնասվել էր նաև Քուվեյթի միջազգային օդանավակայանը։ Սա ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցած ամենաարյունալի միջադեպերից է եղել (ըստ տուժածների թվի)։

Էսկալացիան տեղի է ունենում տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին հասցված վերջին հարվածների վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի հակասական հայտարարությունների ֆոնին։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Քուվեյթի «Ալի էս-Սալեմ» ավիաբազային և Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի օբյեկտներին։ Թեհրանը պնդում էր, որ հարձակումը պատասխան էր Իրանի հարավում գտնվող օբյեկտների դեմ ամերիկյան անօդաչուների գործողություններին, ինչպես նաև Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպին։ ԻՀՊԿ-ն նաև նախազգուշացրել էր, որ իրավիճակի հետագա սրման դեպքում կարող է հաջորդել ավելի կոշտ պատասխան, այդ թվում՝ նավթի և գազի արտահանման համար Հորմուզի նեղուցի հնարավոր ամբողջական փակումը։

Իր հերթին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ Իրանը յոթ բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։ Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ վեց հրթիռ է խոցվել ՀՕՊ միջոցներով, իսկ յոթերորդը չի հասել թիրախին։ CENTCOM-ը նաև հայտարարել էր, որ ամերիկյան անձնակազմի շրջանում կորուստներ չկան, և հերքել էր Թեհրանի հայտարարությունն այն մասին, թե իբր վնաս է հասցվել Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանին։

Source: https://news.am/hy/news/1041349