Ալբանական Սազան կղզում կառուցվելիք շքեղ առողջարանային նախագիծը, որը կապված է Ջարեդ Քուշների և Իվանկա Թրամփի հետ, հայտնվել է հողի փաստաթղթերի հնարավոր կեղծման վերաբերյալ հետաքննության կենտրոնում, գրում է Reuters-ը։

Ալբանիայի հակակոռուպցիոն մարմինները ստուգում են ամերիկացի գործարար Արթուր Շեհուին, որը ապրիլին պահպանվող առափնյա գոտու մի հատված վաճառել է Albania Land Development ընկերությանը։ Այս կառույցը կապված է Sazan Real Estate Development նախագծի հետ, որին աջակցում են Քուշների Affinity Partners ներդրումային ընկերությունը, ինչպես նաև այլ ներդրողներ։

Reuters գործակալության ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն, քննիչները կասկածում են, որ հողի սեփականության իրավունքի ձևակերպման ընթացքում կարող էին օգտագործվել կեղծ փաստաթղթեր։ Հետաքննության նյութերում նաև նշվում է, որ Շեհուն և նրա հնարավոր համախոհները կարող էին առնչություն ունենալ թմրանյութերի ապօրինի շրջանառության և անշարժ գույքի գործարքների միջոցով փողերի լվացման հետ։

Շեհուն, մերժում է մեղադրանքները և հայտարարում, որ իր ընտանիքը սերունդներ շարունակ տիրապետել է այդ հողին։ Նրա փաստաբանը պնդում է, որ սեփականության իրավունքները եղել են օրինական։

Միևնույն ժամանակ, հետաքննության մեջ Ջարեդ Քուշների, Իվանկա Թրամփի կամ Sazan Real Estate Development ընկերության նկատմամբ խախտումների վերաբերյալ մեղադրանքներ չկան։ Նախագծի ներկայացուցիչները հայտնել են, որ հետաքննության մասնակից չեն և համարում են, որ հողի գործարքները կատարվել են օրենքին համապատասխան։

Մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը նախատեսում է Ադրիատիկ ծովում գտնվող Սազան կղզում էլիտար առողջարանի կառուցում։ Ավելի վաղ այն արդեն Ալբանիայում բողոքի ալիք էր առաջացրել՝ բնապահպանական ռիսկերի պատճառով։ Ակտիվիստները մտավախություն ունեն, որ շինարարությունը կարող է վնաս հասցնել կղզու յուրահատուկ էկոհամակարգին, որտեղ ապրում են ֆլամինգոներ, ծովային կրիաներ և կենդանիների այլ տեսակներ։

Նախագծի դեմ բողոքները ստացել են «ֆլամինգոների հեղափոխություն» անվանումը։ Ցուցարարները պահանջում են վերանայել կառուցապատման ծրագրերը, իսկ Ալբանիայի իշխանությունները՝ վարչապետ Էդի Ռամայի գլխավորությամբ, շարունակում են աջակցել նախաձեռնությանը՝ այն անվանելով երկրի համար կարևոր ներդրումային նախագիծ։

Source: https://news.am/hy/news/1049388