Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է հայտարարել մինչև 16 տարեկան երեխաների համար «վնասակար» առցանց հարթակների օգտագործման արգելքի մասին՝ միևնույն ժամանակ պահպանելով հասանելիությունը սոցիալական ցանցերի որոշ ավելի անվտանգ տեսակների համար, գրում է The Times-ը։
Սթարմերը, որը հանդես է գալու ելույթով այսօր ավելի ուշ, սահմանափակումներ մտցնելու որոշում է ընդունել երեխաներ կորցրած ծնողների հետ շփվելուց և Ավստրալիայի փորձն ուսումնասիրելուց հետո, որտեղ մինչև 16 տարեկանների համար նմանատիպ արգելքն ուժի մեջ է մտել անցյալ տարվա դեկտեմբերին։
Միևնույն ժամանակ, իրավիճակին ծանոթ աղբյուրը նշել է, որ այս շաբաթ պաշտոնական արգելքի ներդրումը քիչ հավանական է։ Կարճաժամկետ հեռանկարում կառավարությունը կարող է ներկայացնել միջոցառումների մանրամասն ծրագիր՝ ուղղված համացանցում անչափահասների կողմից սեքսուալ բնույթի նյութերի ստեղծման դեմ պայքարին, որոնք հետագայում կարող են օգտագործվել առցանց շանտաժի համար։
Սոցիալական ցանցերի՝ երեխաների հոգեկան առողջության և համացանցում նրանց անվտանգության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ մտահոգությունները Մեծ Բրիտանիային արդեն իսկ դրդել էին այս տարվա սկզբին հանրային քննարկումներ անցկացնել։ Դրանցում դիտարկվում էին մի շարք միջոցներ, մասնավորապես՝ հավելվածների համար «պարետային ժամի» սահմանումը, ժամանակային սահմանափակումները և հարթակների կախվածություն առաջացնող դիզայներական տարրերի օգտագործման արգելքները։
Նմանատիպ քայլեր են ձեռնարկում նաև եվրոպական այլ պետություններ.
Ֆրանսիան, Դանիան և Լեհաստանը դիտարկում են անչափահասների համար սոցցանցերի օգտագործման կանոնների խստացման հնարավորությունը։
Հունաստանն ապրիլին հայտարարեց 2027 թվականի հունվարից մինչև 15 տարեկան երեխաների համար նմանատիպ հարթակների հասանելիությունն ամբողջությամբ փակելու ծրագրերի մասին։
Այս պահին Մեծ Բրիտանիայում արդեն գործում է «Համացանցում անվտանգության մասին» օրենքը (Online Safety Act), որը տեխնոլոգիական ընկերություններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել երեխաներին անօրինական և վնասակար բովանդակությունից պաշտպանելու համար։
Ընդսմին, փորձագիտական համայնքը մինչ օրս տարակարծիք է համատարած արգելքների արդյունավետության հարցում։
Source: https://news.am/hy/news/1042102