Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերության առանցքային տարածաշրջանները ներկայացնող ՔԴՄ/ՔՍՄ (CDU/CSU) դաշինքի երեք ազդեցիկ ներկայացուցիչներ նամակ են հղել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերին՝ կոչ անելով վերանայել ավտոարտադրողների վերաբերյալ ԵՄ կլիմայական ծրագրերը, գրում է Bild-ը։
Դիմումի տակ ստորագրել են Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, Բադեն-Վյուրտեմբերգի փոխվարչապետ Մանուելա Հագելը և Ստորին Սաքսոնիայում ՔԴՄ-ի ղեկավար Սեբաստիան Լեխները։ Նրանք կարծում են, որ CO₂-ի արտանետումների կրճատման գծով գործող և նախատեսվող նորմերը կարող են վտանգի տակ դնել հարյուր հազարավոր աշխատատեղեր Եվրոպայում, առաջին հերթին՝ Գերմանիայում։
Խոսքը Եվրահանձնաժողովի առաջարկների մասին է, ըստ որոնց՝ 2035 թվականից նոր ավտոմեքենաների արտանետումները պետք է կրճատվեն 90%-ով, իսկ մնացած 10%-ը կարող է փոխհատուցվել սինթետիկ վառելիքի և ցածր ածխածնային նյութերի հաշվին։ Ֆրաունհոֆերի ինստիտուտի գնահատականներով՝ դա կարող է անդրադառնալ ԵՄ-ում մինչև 660 հազար աշխատատեղի վրա։
Նամակի հեղինակները հանդես են գալիս «տեխնոլոգիական չեզոքության» օգտին, որի դեպքում կլիմայական տեսանկյունից թույլատրելի կճանաչվեին ոչ միայն էլեկտրամոբիլները, այլև վերականգնվող վառելիքով աշխատող ավտոմեքենաները։ Նրանք նաև քննադատում են կորպորատիվ ավտոպարկերի համար էլեկտրամոբիլների պարտադիր քվոտաների գաղափարը՝ այն համարելով չափազանց մեծ միջամտություն բիզնեսին և լրացուցիչ բյուրոկրատական բեռ։
Նրանց կարծիքով՝ ԵՄ կլիմայական քաղաքականությունը պետք է ոչ թե թուլացնի, այլ ամրապնդի Եվրոպայի արդյունաբերական ներուժը և խթանի առաջատար տեխնոլոգիաների զարգացումը Գերմանիայի ու Եվրամիության ներսում։
Source: https://news.am/hy/news/1046170