Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական շնորհավորանք է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ։ Պուտինի շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Իր ուղերձում ռուս առաջնորդը նշել է ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման պատմական նշանակությունը՝ հայտարարելով, որ այդ փաստաթուղթը դարձել է ոչ միայն ամերիկյան պետականության հիմքը, այլև համաշխարհային պատմության կարևոր հանգրվան։ Պուտինը նաև հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայից անկախության համար հյուսիսամերիկյան գաղութների պայքարի ժամանակ Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերել նրանց։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ անցած 250 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները ներառել են «համագործակցության բազմաթիվ նշանակալի փուլեր»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են եղել երկու համաշխարհային պատերազմներում և միասին նպաստել են նացիզմի նկատմամբ հաղթանակին, ինչպես նաև ժամանակակից համաշխարհային կարգի հիմքերի ձևավորմանը։

Պուտինն ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ որպես խոշորագույն միջուկային տերությունների, առանձնահատուկ պատասխանատվությունը գլոբալ կայունության և անվտանգության պահպանման հարցում։

«Վստահ եմ, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական, իրավահավասար և փոխշահավետ կապերի կարգավորումը բխում է ոչ միայն մեր ժողովուրդների, այլև ամբողջ համաշխարհային հանրության շահերից», — ասվում է շնորհավորանքի տեքստում։

Ավարտելով ուղերձը՝ Ռուսաստանի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա մերձավորներին մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ ԱՄՆ քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում։

Source: https://news.am/hy/news/1047762