Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է զիջումների գնալ քաղաքական էլիտայի այն ներկայացուցիչներին, որոնք փորձում էին համոզել նրան՝ զերծ մնալ համացանցի արգելափակումների խստացումից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ իր երկու աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու նրա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, ներքին քաղաքականության համակարգող Սերգեյ Կիրիենկոն առանձնազրույցների ընթացքում փորձել են հասնել համացանցային սահմանափակումների մեղմացմանը, որոնք առաջ են մղվում ԱԴԾ երկրորդ ծառայության կողմից։ Սակայն, ինչպես նշում են The Guardian-ի աղբյուրները, այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։
«Քանի դեռ պատերազմը շարունակվում է, Պուտինը նախապատվությունը տալու է անվտանգության ծառայություններին»,- ասել է աղբյուրներից մեկը։
Համացանցի անջատումների ալիքը, որն արդեն մեկ տարի է, ինչ մեկնարկել է ռուսական ռեգիոններում և Telegram-ի արգելափակմանը զուգահեռ հասել Մոսկվա, սև հումորի հերթական թեման է դարձել մոսկովյան էլիտայի համար, գրում է The Guardian-ը։ «Ճաշասենյակներում հիմնական խոսակցությունը համացանցի մասին է։ Մենք քայլ առ քայլ մոտենում ենք Հյուսիսային Կորեային»,— պատմում է կրեմլյան աղբյուրներից մեկը։ Թերթը նկատում է, որ չինական համացանցային գրաքննությունը, որի վրա ժամանակին Ռուսաստանում ծիծաղում էին, հիմա արդեն նախանձ է առաջացնում։
Համացանցային այս սահմանափակումների պատճառով Պուտինի վարկանիշը 2018 թվականից ի վեր ամենացածր նիշին է հասել։ Բացի այդ, սա վերջին 8 տարվա ընթացքում իշխանություններից դժգոհության ամենահզոր ալիքն է բարձրացրել՝ ընդգրկելով ներքին ու արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսական ու սոցիալական ոլորտները։
Ի պատասխան սրա՝ Կրեմլը փոխել է Պուտինի վարկանիշի հաշվարկման մեթոդաբանությունը, և դրանք նորից սկսել են «աճել»։ Այսպիսով, ՎՑԻՈՄ-ի տվյալներով՝ մայիսի 17-ին ավարտված շաբաթվա ընթացքում նախագահի աշխատանքին «հավանություն է տվել» ռուսաստանցիների 69,4%-ը, ինչը 3,8 տոկոսային կետով ավելի է, քան ապրիլի վերջին, երբ Պուտինի պաշտոնական վարկանիշը պատերազմի սկզբից ի վեր հասել էր իր նվազագույն նիշին (65,6%):
Դեռևս 2017 թվականին Պուտինը հանձնարարել էր Ռուսաստանի համար ստեղծել դե ֆակտո «առանձին համացանց»։ Այն պետք է ունենար դոմենային անունների արմատային սերվերների (DNS) սեփական համակարգ, որը «կկրկնօրինակեր» արդեն գոյություն ունեցողը, կլիներ անկախ միջազգային կազմակերպությունների վերահսկողությունից և, ի թիվս այլնի, կպաշտպաներ ռուսաստանցի օգտատերերին «թիրախային ազդեցություններից»։ Մեկ տարի անց հայտնվել է «սուվերեն ռունետի» մասին օրենքը, որը երկրի ներսում տրաֆիկի կառավարման հարցում էականորեն ընդլայնել է «Ռոսկոմնադզորի» լիազորությունները։
2019 թվականին Պուտինը պնդում էր, թե Ռուսաստանը «չի շարժվում» համացանցը «փակելու» ճանապարհով, չի պլանավորում սահմանափակել դրա աշխատանքը, և որ «սուվերեն համացանցն» ու «ազատ համացանցը» չեն հակասում միմյանց։
Արդեն 7 տարի անց՝ 2026-ի փետրվարին, Պուտինը վավերացրել է մի օրենք, որն ԱԴԾ-ին իրավունք է տալիս անջատել ռուսաստանցիների կապը, իսկ օպերատորներին պարտավորեցնում է անհապաղ ի կատար ածել հատուկ ծառայությունների՝ արգելափակումների վերաբերյալ բոլոր հրահանգները։
Համացանցի արգելափակումներն առաջ է մղում ԱԴԾ-ն, սակայն ռուսական վարչակարգը մեծ հաշվով պահպանում է իր նախապատերազմյան տեսքը. դրանում դեռևս մնացել են բավականին ազդեցիկ տեխնոկրատներ և խոշոր կորպորացիաներ, որոնցից կախված է բյուջեի համալրումը։ Ուստի համատարած թվային վերահսկողության կուրսն իրականացվում է առանց նրանց հավանության և հակառակ իրենց ցանկության, գրում է Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրության Բեռլինի Քարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատողը։
Ըստ Ստանովայայի՝ հարց է առաջանում, թե ով ում կհաղթի. «Ներկա իրավիճակը ԱԴԾ-ին դրդում է ավելի կոշտ գործողությունների։ Էլիտայի դիմադրությունն ինքնին հրահրում է ուժայինների էլ ավելի կոշտ պատասխանը և ստիպում նրանց կրկնապատկել ջանքերը՝ համակարգն իրենց հարմարեցնելու համար։ Լոյալիստների հրապարակային առարկությունների պատասխանը կլինեն նոր բռնաճնշումները»։
Source: https://news.am/hy/news/1038041
World
Պուտինը հրաժարվել է մեղմացնել ինտերնետի սահմանափակումները՝ անտեսելով պաշտոնյաների և էլիտայի խնդրանքները․ The Guardian
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։