Պորտուգալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Պորտուն, իր բնակիչների համար ներմուծում է անվճար երթևեկություն հանրային տրանսպորտի բոլոր տեսակներով, հայտնում է Euronews-ը։
Նոր համակարգը կտարածվի ագլոմերացիայի ամբողջ տրանսպորտային ցանցի վրա, սակայն դրանից կկարողանան օգտվել միայն մունիցիպալիտետում գրանցված բնակիչները։
Այս որոշումը գործող քաղաքապետ Պեդրու Դուարտեի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն էր․ նա գլխավորեց մունիցիպալիտետը այն բանից հետո, երբ PSD/CDS-PP/IL կոալիցիան հաղթեց վերջին տեղական ընտրություններում։ Իշխանությունների գնահատմամբ, ծրագրի իրականացումը տարեկան 20-ից 25 միլիոն եվրո կպահանջի։
Նախաձեռնությունը ֆինանսավորելու համար քաղաքը քննարկում է զբոսաշրջային հարկը մինչև 4 եվրո բարձրացնելու հնարավորությունը՝ այն մակարդակը, որը գործում է Լիսաբոնում։
Իշխանությունները հույս ունեն, որ անվճար տրանսպորտը կօգնի կրճատել փողոցներում մեքենաների թիվը և նվազեցնել բեռը քաղաքային ենթակառուցվածքների վրա։ Ներկայումս Պորտուի բնակիչների շուրջ 56%-ը նախընտրում է օգտվել անձնական մեքենաներից՝ չնայած մշտական խցանումներին։
Պորտուի քաղաքապետը ընդգծել է, որ անվճար երթևեկությունը տրանսպորտային խնդիրների ակնթարթային լուծում չի դառնա, սակայն կարող է փոխել բնակիչների սովորությունները, եթե հանրային տրանսպորտը դառնա ավելի արագ, հարմարավետ և հուսալի։
Ծրագրի շրջանակում անվճար կդառնան Andante ցանցի բոլոր տրանսպորտային միջոցներով ուղևորությունները՝ Պորտուի մետրոյով, STCP և Unir ավտոբուսներով, քաղաքային գնացքներով, տրամվայներով, ինչպես նաև Պորտուի և Վիլա-Նովա-դի-Գայայի միջև նախատեսվող ապագա լաստանավային կապով։
Պորտուն կդառնա Պորտուգալիայի առաջին քաղաքը, որտեղ հանրային տրանսպորտը անվճար կլինի բոլոր բնակիչների համար։ Ավելի վաղ երկրում անվճար տրանսպորտային քարտերը տարածվում էին միայն քաղաքացիների առանձին խմբերի վրա, օրինակ՝ երիտասարդների։
Անվճար հանրային տրանսպորտի փորձը արդեն կիրառվում է եվրոպական մի շարք քաղաքներում։ Լյուքսեմբուրգում 2020 թվականից գործում է անվճար երթևեկություն հանրային տրանսպորտի բոլոր տեսակներով ամբողջ երկրում։ Էստոնիայում մայրաքաղաք Տալլինը քաղաքային տրանսպորտը անվճար էր դարձրել դեռևս 2013 թվականին։
Ֆրանսիայում նման ծրագրեր գործում են տասնյակ մունիցիպալիտետներում։ Ամենախոշոր օրինակը Մոնպելյեն էր, որտեղ 2023 թվականին ամբողջությամբ անվճար հանրային տրանսպորտը տարածվեց բոլոր բնակիչների վրա։ Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց քաղաքում ավտոբուսների և տրամվայների օգտագործումը աճել էր մոտ մեկ երրորդով։
Եվրոպական քաղաքները նման միջոցներն օգտագործում են որպես արտանետումները նվազեցնելու, ավտոմեքենաներից կախվածությունը կրճատելու և բնակչության համար տեղաշարժն ավելի հասանելի դարձնելու միջոց։ Պորտուում իշխանությունները հույս ունեն, որ նոր նախագիծը օրինակ կդառնա երկրի մյուս մունիցիպալիտետների համար։
Source: https://news.am/hy/news/1049362