Կիրակի օրը Պորտուգալիայում և Հունաստանում հրշեջները շարունակում էին պայքարը լայնածավալ անտառային հրդեհների դեմ։ Իսպանիան և Իտալիան լրացուցիչ ուժեր էին ուղարկել՝ Պորտուգալիայում կրակի մարմանը օգնելու համար, հաղորդում է Associated Press-ը։

Պորտուգալիայի կենտրոնական հատվածում՝ Վուզելայի շրջանում, ավելի քան 1200 հրշեջ՝ գրեթե 400 միավոր տեխնիկայի և 15 օդանավի աջակցությամբ, փորձում են տեղայնացնել հրդեհը, որը շարունակվում է արդեն ավելի քան երեք օր։ Երկրի քաղաքացիական պաշտպանության տվյալներով, կիրակի օրվա դրությամբ հրդեհի տարածքը հասել էր մոտ 12 հազար հեկտարի։

Եվրոպական քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ Իսպանիան Պորտուգալիա է ուղարկել 120 հրշեջ և 45 միավոր տեխնիկա, ինչպես նաև ավիացիա, որը տրամադրել են Իսպանիան և Իտալիան։

Եվրոպայի հարավում՝ Հունաստանում, իշխանությունները Սալոնիկ քաղաքի մի մասի բնակիչներին կոչ են արել մնալ տանը և փակել պատուհանները՝ թունավոր ծխի պատճառով, որը առաջացել է Օրեոկաստրո արվարձանում գտնվող թափոնների վերամշակման ձեռնարկությունում բռնկված հրդեհից հետո։ Կրակը բռնկվել էր շաբաթ երեկոյան և ուժեղ քամու պատճառով արագ տարածվել։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված էր մոտ 160 հրշեջ, իսկ ավիացիան աշխատանքը սկսել էր լուսաբացին։

Տեղական իշխանությունները հայտնել են տների և ձեռնարկությունների վնասների մասին, սակայն վնասների վերջնական գնահատականը կկատարվի ավելի ուշ։

Ոստիկանությունը ձերբակալել է 76-ամյա մի տղամարդու, որին կասկածում են անզգուշությամբ հրկիզում կատարելու մեջ․ ենթադրվում է, որ նրա ավտոմեքենայից առաջացած կայծերը կարող էին ճանապարհի եզրին գտնվող չոր բուսականությունը բռնկել։ Նա պետք է ներկայանա դատախազի առաջ։

Ավելի վաղ հենց նույն շրջանում հրդեհը խլել էր 12-ամյա երեխայի և նրա հոր կյանքը։

Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրում անտառային հրդեհների մոտ 85%-ը տեղի է ունենում անզգուշության պատճառով՝ գյուղատնտեսական տեխնիկայի, ծխախոտի մնացորդների կամ բաց կրակի հետևանքով, և դրանցից շատերը հնարավոր էր կանխել։

Հունաստանը կանոնավոր կերպով բախվում է կործանարար հրդեհների հետ շոգ և չոր ամառային սեզոնին։ 2018 թվականին Աթենքից արևելք տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ, իսկ 2023 թվականին հրդեհներից մեկը դարձել էր ԵՄ դիտարկումների պատմության ամենախոշորը։

Աճող ռիսկերի ֆոնին երկիրն ընդլայնում է հրդեհների մոնիթորինգի համար տեխնոլոգիաների կիրառումը՝ ներառյալ արբանյակային դիտարկման նոր համակարգը։

Չնայած այս ամռանը Հունաստանը չի տուժել այն ծայրահեղ շոգի ալիքներից, որոնք պատել էին Արևմտյան Եվրոպան, սակայն երկրի տարբեր շրջաններում շարունակում են հրդեհներ բռնկվել։

Source: https://news.am/hy/news/1047971