Աղբյուրները Politico-ին հայտնել են, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, ինչպես սպասվում է, սեպտեմբերի վերջին ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում չի օգտվի հնարավորությունից՝ Թրամփի հետ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումից առաջ ելույթ ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
BBC-ի փոխանցմամբ՝ Գլխավոր ասամբլեան իր աշխատանքը ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում կսկսի սեպտեմբերի 22-ին, իսկ Սիի և Թրամփի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 24-ին, հիշեցրել են պարբերականի զրուցակիցները։ Չինաստանի առաջնորդի՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման օրը հաստատել է նաև Սպիտակ տունը։ Politico-ի աղբյուրների տվյալներով՝ Սին ԱՄՆ կժամանի սեպտեմբերի 23-ի երեկոյան և կթռչի արդեն սեպտեմբերի 25-ին։
Ինչպես պարզաբանում է Politico-ն, ԱՄՆ-ի դիվանագիտական շրջանակներում շատերը կարծում էին, որ Սին ԱՄՆ այցն օգտագործելու է Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար՝ ներկայացնելու Չինաստանի ծրագրերը խաղաղ միջազգային զարգացման վերաբերյալ՝ ի հակակշիռ Իրանի դեմ ԱՄՆ-ի ձգձգված պատերազմի։
Վերջին անգամ Սի Ցզինպինը Նյու Յորք էր ժամանել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար, 2015 թվականին՝ կազմակերպության 70-ամյակի առթիվ։ 2021 թվականին, կորոնավիրուսի համավարակի պատճառով տեսազանգով ելույթ ունենալիս, Սին իր խոսքում անուղղակիորեն հիշատակել էր ԱՄՆ-ի ձախողումը Աֆղանստանում՝ առաջարկելով զարգացող երկրներին քննարկել հետամերիկյան աշխարհակարգը, որը հիմնված է տնտեսական զարգացման չինական մոդելի վրա, նշում է Politico-ն։
Source: https://news.am/hy/news/1056114