Եվրոպան արագորեն ամրապնդում է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանը՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի և դաշինքում ԱՄՆ-ի դերի վերաբերյալ անորոշության ֆոնին, գրում է Politico-ն։

Ֆինլանդիայից մինչև Բալթյան երկրներ տարածաշրջանը վերակառուցում է իր պաշտպանությունը՝ ելնելով այն սցենարից, որի դեպքում հնարավոր հակամարտության առաջին օրերին ստիպված կլինի դիմակայել ինքնուրույն։

Ֆինլանդիան իրեն դիտարկում է որպես նման սցենարին ամենապատրաստված երկիրը։ Երկիրը պահպանում է համընդհանուր պաշտպանության համակարգը, գրեթե 870 հազար մարդու մոբիլիզացիոն պահուստը և հենվում է «տոտալ պաշտպանության» վրա, որը ներառում է բանակն ու քաղաքացիական ենթակառուցվածքը։ Չնայած ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ ֆիննական զինվորականները շեշտում են, որ ճգնաժամի դեպքում երկիրը կարող է միայնակ ընդունել առաջին հարվածը։ Աշխարհագրությունը՝ անտառներ, լճեր, խստաշունչ կլիմա, դիտարկվում է որպես հիմնական պաշտպանական առավելություն։ Զուգահեռաբար Ֆինլանդիան ուժեղացնում է սպառազինությունը, գնում տեխնիկա և վերադարձնում է ականների կիրառումը պաշտպանական դոկտրին։

Լեհաստանը կառուցում է ՆԱՏՕ-ի արևելյան թևում ամենամասշտաբային ամրաշինական համակարգը։ «Արևելյան վահան» նախագիծը ներառում է ամրություններ, հակատանկային արգելապատնեշներ, անօդաչուներ, սենսորներ և պաշտպանական գծեր Կալինինգրադի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով։

Վարշավան նաև զարգացնում է անօդաչուներին հակազդելու համակարգը և պաշտպանության ծախսերը բարձրացնում է մինչև ՀՆԱ-ի գրեթե 5%-ը։ Միևնույն ժամանակ ենթակառուցվածքի զգալի մասը դեռ գտնվում է պլանավորման կամ տեղակայման փուլում, իսկ սահմանի առանձին հատվածներում ամրությունները բացակայում են կամ ներկայացված են նվազագույն չափով։

Բալթյան երկրները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, իրենց համարում են ՆԱՏՕ-ի ամենախոցելի հատվածը՝ փոքր չափերի և աշխարհագրության պատճառով։ Նրանց պաշտպանական ռազմավարությունը կառուցվում է երկու տարրի վրա՝ դանդաղեցնել Ռուսաստանի հնարավոր հարձակումը և երաշխավորել դաշնակիցների արագ ժամանումը։ Դրա համար ստեղծվում է Բալթյան պաշտպանության գիծը՝ հակատանկային արգելապատնեշներով, ամրություններով և ականապատման ծրագրերով, ինչպես նաև տեղակայվում են ՆԱՏՕ-ի բազմազգ ուժեր, այդ թվում՝ Լիտվայում ապագայում մշտական տեղակայմամբ գերմանական բրիգադը։

ՆԱՏՕ-ի արևելյան թևի ընդհանուր ռազմավարական հաշվարկը հիմնված է «հետաձգման» գաղափարի վրա․ ամրությունները պետք է ոչ թե ամբողջությամբ կանգնեցնեն հարձակումը, այլ ժամանակ շահեն դաշինքի մոբիլիզացման և ուժեղացնող ուժերի տեղափոխման համար։ Միևնույն ժամանակ փորձագետներն ու զինվորականներն ընդունում են, որ առանց ԱՄՆ-ի Եվրոպան առայժմ չունի ինքնուրույն պաշտպանության բավարար հնարավորություններ, հատկապես հետախուզության, հեռահար հարվածների և միջուկային զսպման ոլորտներում։

Այս ֆոնին ուժեղանում է ՆԱՏՕ-ի ապագայի մասին քննարկումը։ Փորձագետների մի մասը նախազգուշացնում է, որ ԱՄՆ-ի դերի նվազումը կարող է հանգեցնել դաշինքի ներսում պատասխանատվության վերաբաշխման, իսկ վատագույն դեպքում՝ նրա միասնության ճգնաժամի։ Սակայն արևելյան թևի երկրների պաշտոնյաները շեշտում են, որ ՆԱՏՕ-ն ընկալում են որպես գործող հավաքական պաշտպանության համակարգ, որն արդեն այժմ վերակառուցվում է նոր ռիսկերին համապատասխան։

Արևելաեվրոպական երկրների գլխավոր եզրակացությունն այն է, որ նրանք այլևս չեն ելնում ամերիկյան արագ միջամտության երաշխիքից և պատրաստվում են այն սցենարին, որի դեպքում հնարավոր հակամարտության առաջին վճռորոշ օրերը ստիպված կլինեն հաղթահարել Եվրոպայի ուժերով։

Source: https://news.am/hy/news/1047994