Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներքին բարեփոխումների գործընթացի շրջանակում դիտարկում է արտաքին քաղաքականությամբ զբաղվող իր ստորաբաժանումների ամրապնդման տարբերակները։ Ինչպես հաղորդում է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին, առաջարկը նախատեսում է մի քանի ստորաբաժանումների միավորում արտաքին կապերի միասնական ազդեցիկ դեպարտամենտում։
Պարբերականի փոխանցմամբ՝ դրա կազմում կարող են ամբողջությամբ կամ մասամբ ընդգրկվել առևտրի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքականությամբ զբաղվող գլխավոր տնօրինությունների կառուցվածքները։ Ակնկալվում է, որ ծրագրի մանրամասները հուլիսի 13-ին կայանալիք ժողովում մասամբ կներկայացվեն ԵՀ աշխատակիցներին։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը դիտարկում է ներդրումների գլխավոր տնօրինություն ստեղծելու հնարավորությունը՝ տարածաշրջանային և սոցիալական հիմնադրամների կառավարումն իրականացնելու համար, ինչը կուժեղացնի նրա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ազդեցությունը համայնքի ղեկավարության մեջ։ Պարբերականը նշել էր, որ նոր ստորաբաժանման ստեղծման քննարկումը կապված է տարածաշրջանային և քաղաքային քաղաքականության գլխավոր տնօրինության՝ ԵՀ-ի ամենահին մարմիններից մեկի, հնարավոր վերացման հետ։
Source: https://news.am/hy/news/1048065