Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում (Բրյուսել), Բեռլեմոն անունով հայտնի շենքում, ուրբաթ անոմալ շոգի պատճառով ստիպված են եղել արտակարգ կերպով անջատել օդորակման համակարգը, հայտնել է Politico պարբերականը։
Շենքի աշխատակիցները կեսօրին ստացել են հրատապ հաղորդագրություն․ «ՀՐԱՏԱՊ․ ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով օդի հովացման համակարգի հարկադիր անջատում 1-7-րդ հարկերում մինչև օրվա վերջ»։
13 հարկանի շենքը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, 26 եվրահանձնակատարների և մոտ 3 000 աշխատակիցների աշխատավայրն է։ Ֆոն դեր Լայենի գրասենյակը գտնվում է 13-րդ հարկում, իսկ հանձնակատարների աշխատասենյակների մեծ մասը՝ ութերորդ հարկից բարձր։
Վերջին օրերին Բելգիան և Եվրոպայի զգալի մասը ենթարկվում են շոգի ռեկորդային ալիքի ազդեցությանը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը աշխատակիցներին ուղարկել էր խորհուրդներ, այդ թվում՝ սահմանափակել դրսում գտնվելն ամենաշոգ ժամերին, կանոնավոր ջուր խմել և աշխատանքային օրն սկսել ավելի վաղ։
Սակայն այս առաջարկությունները դժգոհություն են առաջացրել անձնակազմի մի մասի շրջանում, հատկապես նրանց մոտ, ովքեր աշխատում են օդորակիչներ չունեցող շենքերում, այդ թվում՝ DG AGRI դեպարտամենտում, վկայում է ներքին նամակագրությունը, որին ծանոթացել են Politico-ի լրագրողները։
«Սա նման է ֆեոդալիզմի», — անանունության պայմանով հայտնել է Եվրահանձնաժողովի աշխատակիցներից մեկը, որն աշխատում է Բեռլեմոնի ստորին հարկերում։ Նա նշել է, որ վերին հարկերը, որտեղ տեղակայված են հանձնակատարները, պահպանել են օդորակման հասանելիությունը։ Մեկ այլ աշխատակից իրավիճակն անվանել է «խայտառակություն»։
Միևնույն ժամանակ, ութերորդ հարկի աշխատակիցը հայտնել է, որ նույնիսկ աշխատող օդորակիչի դեպքում ներսում ջերմաստիճանը հասել է 25,7 °C-ի։
Շոգի ալիքը կրկին բարձրացրել է Եվրոպայի բնակելի և գրասենյակային շենքերում օդորակման համակարգերի բացակայության հարցը։ Ըստ գնահատականների՝ մայրցամաքում տնային տնտեսությունների միայն մոտ 20 տոկոսն ունի օդորակիչներ։ Բելգիայում գնացքների մոտ մեկ հինգերորդը նույնպես չունի հովացման համակարգ, ինչի պատճառով ազգային երկաթուղային օպերատորը ստիպված է պիկ ժամերին չեղարկել որոշ չվերթներ։
Այս շաբաթ Եվրոպական խորհրդարանը ևս բախվել է էլեկտրամատակարարման խափանումների՝ էներգահամակարգի ավելացած ծանրաբեռնվածության պատճառով, որն առաջացել է հովացման համակարգերի զանգվածային օգտագործման հետևանքով։
Source: https://news.am/hy/news/1046371