Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսը BILD-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից հնարավոր նախարարները, եթե կուսակցությունը մասնակցի երկրամասային կառավարություններին, պետք է զրկվեն գաղտնի տեղեկատվության հասանելիությունից։
Նա ընդգծել է, որ գաղտնի տվյալներին հասանելիության հարցն արդեն այժմ մանրակրկիտ ուսումնասիրվում է ազգային անվտանգության տեսանկյունից։
«Մենք ինտենսիվորեն զբաղվում ենք այն հարցով, թե ում կարող ենք տրամադրել գաղտնի տեղեկատվության հասանելիություն։ Մենք դա արդեն անում ենք հիմա։ Մենք պարտավոր ենք դա անել, քանի որ խոսքը մեր երկրի անվտանգության մասին է», — ասել է Պիստորիուսը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք AfD-ից նախարարին գաղտնի տվյալներ փոխանցելը իր մոտ կասկածներ չի հարուցի, նա հայտարարել է, որ նման մտահոգություններ կան։
«Բավական է լսել AfD-ի շատ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները։ Պուտինին մոտ լինելը հնարավոր չէ չնկատել։ Հնչում են նաև ենթադրություններ Ռուսաստանի կողմից հնարավոր ֆինանսավորման մասին։ Ակնհայտ է, որ դա չի կարելի թույլ տալ», — նշել է նախարարը։
Պիստորիուսը նաև մտահոգություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթում ընտրությունների հնարավոր արդյունքների վերաբերյալ, որտեղ AfD-ն կարող է ստանալ զգալի ազդեցություն՝ ընդգծելով, որ դա ժողովրդավարության համար «շատ վատ ազդանշան» կլիներ։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ վերջնական ընտրությունը մնում է քաղաքացիներին, այդ թվում՝ AfD-ին ձայն տվող զինծառայողներին։
Source: https://news.am/hy/news/1048007