Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում փոխանակվել են Կուրբան Բայրամի տոնի առթիվ շնորհավորանքներով և հաստատել երկու պետությունների միջև սերտ կապերը։

Ինչպես հայտնում է ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում կողմերը հաստատել են երկու հարևան պետությունների միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդման և համակողմանի համագործակցության ընդլայնման ձգտումը։

Փեզեշքիանը նաև շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին և ղեկավարությանը երկրի Անկախության օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել Բաքվին վերջին իրադարձությունների ընթացքում ցուցաբերած կառուցողական դիրքորոշման և աջակցության համար։

Իրանի նախագահը նշել է երկու ժողովուրդների միջև խոր պատմական, մշակութային և կրոնական կապերը և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղությունը, զարգացումը և երկարաժամկետ անվտանգությունը կամրապնդվեն տարածաշրջանային փոխգործակցության շնորհիվ։

Իր հերթին, Ալիևը շնորհավորել է Իրանի ժողովրդին և կառավարությանը Կուրբան Բայրամի տոնի առթիվ՝ երկրին մաղթելով խաղաղություն, բարգավաճում և անվտանգություն։ Նա ընդգծել նաև է իր հաստատակամ աջակցությունը տարածաշրջանում հակամարտությունների դադարեցմանը։

Ալիևը Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական և հայտարարել, որ երկու երկրները միշտ աջակցել են միմյանց բարդ ժամանակաշրջաններում, իսկ համագործակցության հետագա ամրապնդումը կդառնա տարածաշրջանի կայունության և կայուն զարգացման երաշխիքը։

Նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացումը տնտեսության, տարանցման և հումանիտար կապերի ոլորտներում՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը հետագայում բարձրացնելու համար։

Source: https://news.am/hy/news/1038650