Պակիստանի վերջին պնդումները՝ Ինդոսի ավազանում սպասվող ջրային ճգնաժամի և գետերի հոսքի փոփոխությունների մասին, որոնք վերագրվում են վերին հոսանքներում իրականացվող գործողություններին, անհիմն են դառնում Պակիստանի սեփական հիդրոլոգիական տվյալների, ջրամբարների գրանցումների և գործառնական իրողությունների լույսի ներքո։ Ապացույցների ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է զգալիորեն այլ պատկեր. այն բնորոշվում է ոչ թե համակարգային սակավությամբ, այլ առատ ներհոսքերով, դեպի ստորին հոսանք ջրի զգալի արտահոսքերով և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա տևական կառուցվածքային սահմանափակումներով:
2025 թվականի հիդրոլոգիական փուլի ամենաուշագրավ փաստը Խարիֆյան սեզոնին (ապրիլ-սեպտեմբեր) ջրային ռեսուրսների զգալի ավելցուկն էր։ Ըստ Պակիստանի Ինդոս գետի համակարգի մարմնի (IRSA) տվյալների՝ փաստացի ներհոսքը կազմել է 122,36 MAF, ինչը շուրջ 18%-ով գերազանցել է սպասվող 104 միլիոն ակր-ֆուտ ցուցանիշը։ Ավելին, ավազանում տեղացած առատ անձրևները նվազեցրել են ոռոգման պահանջարկը՝ թեթևացնելով նահանգների միջև ջրի բաշխման լարվածությունը։ Այս իրողությունները հիմնահատակ հերքում են ջրի սուր կամ արհեստականորեն ստեղծված պակասի մասին բոլոր պնդումները։
Ջրի դեֆիցիտի մասին թեզին ավելի մեծ հարված են հասցնում Կոտրիի պատվարից ներքև՝ դեպի Արաբական ծով հոսող ջրի աննախադեպ ծավալները: 2025-ի Խարիֆյան սեզոնին այդ արտահոսքը կազմել է շուրջ 30,848 MAF, ինչը մոտ 71 տոկոսով բարձր է վերջին հինգ տարիների միջին ցուցանիշից (18,034 MAF): Նույնիսկ սակավաջուր Ռաբի սեզոնին (հոկտեմբեր-մարտ) դեպի ծով արտահոսքը շարունակվել է՝ կազմելով մոտ 3,6 MAF: Եթե ավազանն իսկապես բախվեր վերին հոսանքների միջամտությամբ պայմանավորված սուր սակավության, ապա նման հսկայական պաշարները չէին մնա չօգտագործված և ուղղակի չէին լցվի ծովը: Փոխարենը, տվյալները մատնացույց են անում ստորին ավազանում առկա կառուցվածքային խնդիրները՝ ջրամբարների անբավարար կարողությունը, հեղեղումների կառավարման թերություններն ու բաշխման ցածր արդյունավետությունը:
Նույն ժամանակահատվածում ջրամբարների վիճակը ևս մեկ անգամ հերքում է տևական հիդրոլոգիական ճգնաժամի մասին պնդումները: Ինչպես և սպասվում էր, Խարիֆյան սեզոնը մեկնարկեց պաշարների համեմատաբար ցածր մակարդակով, ինչը բնական երևույթ է այն ջրամբարների համար, որոնք նախատեսված չեն ջրի երկարաժամկետ կուտակման համար: Այնուհետև, առատ ներհոսքի և հեղեղումների շնորհիվ խոշոր ջրամբարներն արագորեն համալրվեցին: Արդեն 2025-ի սեպտեմբերին ջրի մակարդակը հասավ նախագծային հզորության գրեթե 99 տոկոսին՝ ամուր հիմքեր ստեղծելով 2025–26թթ. Ռաբի սեզոնի համար:
2026-ի Խարիֆյան սեզոնի հեռանկարները նույնպես կայուն են: Ըստ կանխատեսումների՝ գետերի հոսքը կկազմի շուրջ 103,3 MAF, որին գումարվում է նաև մոտ 2,3 MAF մնացորդային պաշարը: Այս ցուցանիշները, որոնք գերազանցում են թե՛ նախորդ տարվա, թե՛ բազմամյա միջին տվյալները, փաստում են, որ ավազանը նոր փուլ է թևակոխում ոչ թե ճգնաժամային, այլ հիդրոլոգիական բավարար պայմաններում:
Պակիստանի կողմից Չենաբ գետի հոսքի տատանումները որպես վերին հոսանքներում միջամտության ապացույց ներկայացնելու փորձերն անտեսում են հիդրոլոգիական իրողությունները և գետի հոսանքով կառուցվող հիդրոէլեկտրակայանների շահագործման փաստացի կարգը: Գետի հոսքի տատանումները, որոնք կախված են Հիմալայների ձնհալի սեզոնային դինամիկայից, Հիմալայան գետային համակարգերի սովորական բնութագիրն են և ոչ թե միտումնավոր միջամտության ապացույց:
Բագլիհարի հիդրոէլեկտրակայանի նման նախագծերի շահագործման առանձնահատկությունները ևս պարբերաբար ենթարկվում են սխալ մեկնաբանությունների: Գետի հոսանքով կառուցվող համակարգերում ջրամբարների կառավարումն անխուսափելիորեն ենթադրում է ջրի բացթողնման ծավալների փոփոխություն՝ պայմանավորված տիղմի մաքրմամբ, տեխնիկական սպասարկմամբ, հզորությունների օպտիմալացմամբ, անվտանգության նկատառումներով և հեղեղումների կառավարման կանոնակարգերով: Տիղմի կառավարումն առանձնահատուկ նշանակություն ունի Հիմալայան գետերի համար, որոնք աչքի են ընկնում տիղմի և նստվածքների մեծ քանակությամբ: Հետևաբար, մաքրման կամ տեխնիկական սպասարկման փուլերում իրականացվող ժամանակավոր օպերատիվ փոփոխությունները նման նախագծերի բնականոն գործունեության անբաժանելի մասն են:
Կարևոր է նշել, որ Բագլիհարի նախագիծն արդեն անցել է միջազգային մանրակրկիտ փորձաքննություն: Պակիստանն ինքն էր նախաձեռնել Ինդոսի ջրերի պայմանագրով նախատեսված վեճերի լուծման ընթացակարգը, ինչի արդյունքում, համաձայն IX հոդվածի և F հավելվածի, նշանակվել էր Անկախ փորձագետ: 2007 թվականին հրապարակված իր վճռով Անկախ Փորձագետը հաստատեց նախագծի հիմնական կոնստրուկտիվ և շահագործման պարամետրերը՝ մերժելով ջրի կուտակման և անվտանգության բարձրության վերաբերյալ առարկությունների մեծ մասը: Արդյունքում փաստվեց, որ նախագիծը լիովին համապատասխանում է պայմանագրի այն դրույթներին, որոնք կարգավորում են գետի հոսանքով կառուցվող հիդրոէլեկտրակայանների կառուցումը:
Ավելին, քաղաքական դրդապատճառներով իրականացվող միջամտությունների մասին մեղադրանքներն անտեսում են կարևոր գործնական իրողություն. հիդրոէներգետիկ գործառույթների ցանկացած միտումնավոր խաթարում ոչ միայն ուղղակի տնտեսական վնաս կհասցնի հենց վերին հոսանքի օպերատորին՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը, այլև կարող է երկարաժամկետ վնաս հասցնել կայանին: Օրինակ՝ մուսսոնների սեզոնին Բագլիհարի ամբարտակի տիղմից մաքրման ընդամենը մեկ փուլը կարող է հանգեցնել շուրջ 150 միլիոն միավոր էլեկտրաէներգիայի կորստի և համապատասխան եկամուտների անկման: Նման գործողություններն իրականացվում են բացառապես տեխնիկական և սպասարկման նկատառումներից ելնելով: Ուստի, դժվար է համադրել միտումնավոր խաթարումների մասին պնդումները այնպիսի օպերատիվ որոշումների հետ, որոնք միաժամանակ կրճատում են էներգիայի արտադրությունը և ֆինանսական կորուստներ պատճառում հենց արտադրողին:
Ամփոփելով փաստերը՝ կարող ենք հստակ եզրահանգում անել. Ինդոսի ավազանում վերջին շրջանում գրանցվել են սպասվածից ավելի մեծ ներհոսքեր, զգալի արտահոսքեր դեպի ստորին հոսանք, ջրամբարների արագ վերականգնում և կայուն կանխատեսումներ ապագայի համար: Գետերի հոսքի տատանումները լիովին տեղավորվում են բնական հիդրոլոգիական գործընթացների և ջրամբարների ստանդարտ շահագործման շրջանակներում:
Ավազանի առջև ծառացած հիմնական մարտահրավերը ոչ թե վերին հոսանքներում ջրից զրկվելու մասին ենթադրական պնդումներն են, այլ չլուծված կառուցվածքային խնդիրները՝ ջրամբարների սահմանափակ կարողությունը, տիղմակալման ճնշումը, ոչ արդյունավետ օգտագործումը և ջրային պաշարների կառավարման ընդհանուր թերությունները: Այս ներքին կառավարչական բացթողումները «արհեստական սակավության» թեզերի ներքո քողարկելը որևէ կերպ չի օգնում լուծել այն իրական և երկարաժամկետ խնդիրները, որոնց բախվում է ավազանը:
Source: https://news.am/hy/news/1047372