Երեքշաբթի օրը Փարիզում կսկսվի Վրաստանի յոթ քաղաքացիների դատավարությունը։ Նրանք մեղադրվում են ֆրանսիական հեղինակավոր գրադարաններից ռուսական դասական գրականության հազվագյուտ հրատարակությունների գողության մեջ։
Ինչպես հաղորդում է «France 24»-ը, գործը դիտարկվում է որպես վերջին տարիներին ողջ Եվրոպայի գրադարաններում տեղի ունեցած հազվագյուտ գրքերի գողությունների ավելի լայն քննության մի մաս, որոնք, ենթադրաբար, կապված են կազմակերպված հանցավոր ցանցի հետ։
Մեղադրանքի տվյալներով՝ հափշտակության թիրախ են դարձել ռուս դասականների՝ միլիոնավոր եվրո արժողությամբ արժեքավոր հրատարակությունները։ Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր համաձայնության, հանցագործությունների նախապատրաստման, ինչպես նաև մշակութային արժեքների գողության համար։ Գործով առավելագույն պատիժը կարող է կազմել մինչև 10 տարի ազատազրկում։
Մեղադրյալներից երկուսը դատվում են հեռակա կարգով. նրանց նկատմամբ կալանավորման օրդեր է տրվել։ Եվս երկու մեղադրյալ, որոնք նախկինում նմանատիպ հանցագործությունների համար դատապարտվել էին Լիտվայում և Էստոնիայում, ժամանակավորապես հանձնվել են ֆրանսիական կողմին՝ դատավարությանը մասնակցելու համար։
Քննությունը նշում է, որ գողություններ են գրանցվել նաև Գերմանիայում, Շվեյցարիայում և Չեխիայում, ինչը հանգեցրել է Եվրոպոլի և Եվրոյուստի մասնակցությամբ համատեղ քննչական խմբի ստեղծմանը։ Գողացված գրքերի մի մասն, ըստ հետաքննության տվյալների, հետագայում վաճառվել է Ռուսաստանի աճուրդներում։
Source: https://news.am/hy/news/1042218