Ֆրանսիայի Սարկել քաղաքում՝ Փարիզից հյուսիս, հուլիսի 11-ի երեկոյան տարհանել են մոտ 300 մարդու այն բանից հետո, երբ հայտնաբերվել է կասկածելի ավտոմեքենա, որի ներսում գտել են երկարափող զենք, հայտնում է BFMTV-ն։
Ինչպես հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին, մոտավորապես ժամը 21:30-ին հանցավորության դեմ պայքարի բրիգադի աշխատակիցները հատուկ ծառայություններից տեղեկություն են ստացել և ժամանել են Անրի Դյունանի փողոցում լքված մեքենան ստուգելու համար։
Ավտոմեքենան գտնվում էր կինոթատրոնի, ռեստորանների և քաղաքային սինագոգի հարևանությամբ, ինչից հետո իշխանությունները որոշել են տարհանել մարդկանց այդ շրջանից։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը հաստատել է, որ տեղում ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ և սկսվել է դատական հետաքննություն։
«Ավտոմեքենայում եղել է երկարափող զենք, ռազմական տիպի զենք», — հայտարարել է նախարարը։
Շրջանը շրջափակվել է, դեպքի վայր են ժամանել սակրավորները։
Նյունյեսը հայտնել է, որ տեղի ունեցածի դրդապատճառները դեռևս անհայտ են, կասկածյալները չեն նույնականացվել և չեն ձերբակալվել։
Source: https://news.am/hy/news/1049406