Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը հինգշաբթի պաշտոնապես ստացել է նոր անվանում՝ Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի անվան միջազգային օդանավակայան: Սակայն ուղևորների համար սովորական դարձած օդանավակայանի եռատառ կոդը կպահպանվի ևս մոտ մեկ ամիս, հաղորդում է CBS News-ը:
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը օդանավակայանի վերանվանման մասին օրենքը ստորագրել էր մարտին, իսկ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հայտարարել է, որ նոր անվանումն ուժի մեջ է մտնում հուլիսի 9-ից:
Ընդ որում, օդանավակայանի կոդը, որն ուղևորներն օգտագործում են տոմսեր գնելիս և չվերթներ փնտրելիս, ներկայիս PBI-ից կփոխվի DJT-ի միայն օգոստոսի 18-ին: Այսպիսով, 40 օրվա ընթացքում ավիացիոն ծառայությունները և ուղևորները կիրառելու են միևնույն օդանավակայանի տարբեր նշանակումներ. FAA-ն և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կիրառելու են DJT-ն, իսկ ուղևորային ամրագրման համակարգերը՝ PBI:
Ըստ Atmosphere Research Group-ի ավիացիոն ոլորտի վերլուծաբան Հենրի Հարտևելդտի՝ ավիաընկերությունները նախապես փոփոխություններ են մտցրել իրենց ամրագրման, ուղևորների սպասարկման և ուղեբեռի մշակման համակարգերում՝ սխալներից խուսափելու համար:
Նա նշել է, որ այն ուղևորները, որոնք չվերթներ կփնտրեն PBI կոդով ավիաընկերությունների կայքերում, սկզբնական շրջանում կվերահասցեավորվեն դեպի նոր՝ DJT անվանումով օդանավակայան իրականացվող չվերթներ: Բորտուղեկցորդներին նույնպես կարող է թույլատրվել ուղևորներին ողջունել «բարի գալուստ Վեստ Փալմ Բիչ» խոսքերով, այլ ոչ թե օգտագործել օդանավակայանի նոր պաշտոնական անվանումը:
Օդանավակայանի եռատառ կոդի փոփոխությունը հազվադեպ ընթացակարգ է: Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA/ԻԱՏԱ) նշում է, որ նման կոդերը սովորաբար համարվում են մշտական և փոխվում են ծայրահեղ հազվադեպ՝ գլխավորապես թռիչքների անվտանգության նկատառումներից ելնելով:
PBI կոդը DJT-ով փոխարինելու հարցումը ստացվել է Փալմ Բիչի օդանավակայանը սպասարկող խոշոր ավիաընկերություններից, դրանց թվում՝ Delta, United, American Airlines, JetBlue և Southwest ընկերություններից: IATA-ն հայտնել է, որ նոր կոդը կսկսի գործել օգոստոսի 18-ից, որպեսզի ավիացիոն ոլորտի բոլոր մասնակիցները հասցնեն թարմացնել իրենց համակարգերը:
Օդանավակայանի տնօրինությունը ուղևորներին կոչ է արել շարունակել օգտագործել PBI կոդը մինչև օգոստոսին անցկացվելիք պաշտոնական փոփոխությունը:
Փալմ Բիչի օդանավակայանով տարեկան անցնում է գրեթե 8 միլիոն ուղևոր: Նախագահ Դոնալդ Թրամփը կանոնավոր կերպով օգտվում է այս օդանավակայանից Ֆլորիդայում գտնվող իր Մար ա Լագո նստավայր կատարվող ուղևորությունների ժամանակ:
Մայիսին Փալմ Բիչ շրջանի հանձնաժողովը հավանություն էր տվել այն համաձայնագրին, որը թույլ է տալիս օդանավակայանի անվանման մեջ օգտագործել Թրամփի անունը, երբ Trump Organization-ը հայտ էր ներկայացրել օդանավակայանների համար նախագահի անվան օգտագործման ապրանքային նշանի գրանցման նպատակով:
Ըստ համաձայնագրի՝ Թրամփը չի կարողանա ռոյալթիներ, վճարներ կամ եկամուտներ ստանալ օդանավակայանում ապրանքների վաճառքից, սակայն օդանավակայանը կկարողանա օգտագործել նրա անունը, պատկերն ու կերպարը գովազդային նպատակներով:
Ներկայում ԱՄՆ-ում կա 12 օդանավակայան, որոնք անվանված են երկրի նախագահների պատվին:
Source: https://news.am/hy/news/1048947