Peugeot ընկերությունը Փարիզի ավտոսրահում, որը կանցկացվի հոկտեմբերին, կներկայացնի երկու նոր կոնցեպտ-քար, գրում է Autocar-ը։

Բրենդի գլխավոր տնօրեն Ալեն Ֆավեի խոսքով՝ երկու նորույթներն էլ կդառնան նոր դիզայներական լեզվի և տեխնոլոգիաների ցուցադրություն, որոնք առաջիկա տարիներին հիմք կդառնան ֆրանսիական արտադրողի սերիական ավտոմեքենաների համար։

Հուլիսի 7-ին եվրոպացի լրագրողների առջև ելույթ ունենալով՝ Ֆավեն հայտարարել է, որ կոնցեպտները «շատ բան կպատմեն Peugeot բրենդի ապագայի մասին»։ Միաժամանակ նա չի բացահայտել մանրամասները՝ միայն նշելով, որ ավտոմեքենաները կցուցադրեն ընկերության զարգացման ուղղությունը և կներշնչվեն բրենդի հարուստ պատմական ժառանգությամբ։

Նրա խոսքով՝ Peugeot-ի պատմությունը կարևոր դեր է խաղում, սակայն ոչ թե որպես անցյալը կրկնելու առիթ, այլ որպես գաղափարների աղբյուր ապագայի ավտոմեքենաները ստեղծելու համար։ Հենց այս մոտեցումն էլ կդառնա հոկտեմբերյան պրեմիերայի կենտրոնական թեման։

Վերջին տարիներին Peugeot-ն արդեն բազմիցս դիմել է իր ժառանգությանը կոնցեպտներ ստեղծելիս։ Այսպես, Peugeot E-Legend-ը 1960-ականների Peugeot 504 կուպեի ժամանակակից մեկնաբանությունն էր, իսկ ավելի նոր Polygon կոնցեպտը ցուցադրում էր հաջորդ սերնդի էլեկտրական Peugeot e-208-ի հնարավոր տեսքը՝ ոգեշնչված լեգենդար Peugeot 205 հեչբեքից։

Միաժամանակ ընկերության ղեկավարը հերքել է լուրերը, թե Փարիզի ավտոսրահում տեղի կունենա նոր Peugeot e-208-ի դեբյուտը։ Երկրորդ սերնդի էլեկտրական սուպերմինին կներկայացվի միայն հաջորդ տարվա երկրորդ կեսին՝ առանձին միջոցառման շրջանակում, վաճառքի մեկնարկից քիչ առաջ։

Երկու կոնցեպտ-քարերի հայտնվելը կդառնա Peugeot-ի մոդելային շարքի լայնածավալ թարմացման մի մասը։ Ընկերությունը մտադիր է համաշխարհային վաճառքները նախորդ տարվա 1,1 միլիոն ավտոմեքենայից հասցնել 1,5 միլիոնի մինչև 2030 թվականը։

Այս նպատակին հասնելու համար Peugeot-ը նախատեսում է առաջիկա չորս տարիների ընթացքում շուկա հանել յոթ նոր մոդել։ Դրանց թվում են՝ e-208-ի նոր սերունդը, ամբողջությամբ թարմացված 308-ը, C սեգմենտի երեք նոր մոդել, որոնք կարտադրվեն Ֆրանսիայում, ինչպես նաև D սեգմենտի երկու ֆլագմանային ավտոմեքենա, որոնք մշակվել են չինական Dongfeng ընկերության հետ համատեղ։ Վերջիններս, ինչպես սպասվում է, նախատեսված կլինեն բացառապես չինական շուկայի համար և Եվրոպայում վաճառքի չեն հանվի։

Առայժմ հայտնի չէ, թե հոկտեմբերյան կոնցեպտ-քարերը կդառնա՞ն արդյոք կոնկրետ սերիական մոդելների նախակարապետներ։ Նախկինում Peugeot-ն արդեն ցուցադրել էր ֆուտուրիստական նախագծեր, ինչպիսիք են Inception-ը, Onyx-ը և Instinct-ը, որոնք այդպես էլ սերիական շարունակություն չստացան՝ մնալով հեռանկարային տեխնոլոգիաների և դիզայներական գաղափարների ցուցադրություն։

Source: https://news.am/hy/news/1048548