Պետական դուման երեքշաբթի՝ մայիսի 26-ի լիագումար նիստում, երկրորդ և երրորդ ընթերցումներով ընդունել է օրինագիծ, որը թույլ կտա կալանք դնել արտերկրում գտնվող ՌԴ քաղաքացիների գույքի վրա՝ «ՌԴ սահմանադրական կարգի հիմքերի, պետական ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հրապարակային գործողությունների» համար։
Օրենսդրական այս փոփոխությունները դեռ 2023 թվականից առաջ էր մղում Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, իսկ դրանց քննարկումը խորհրդարանում սկսվել էր դեռ 2025-ին։ Ըստ այդ փոփոխությունների՝ քաղաքական հոդվածներով տուգանված ռելոկանտների գույքի վրա կալանք կդրվի՝ որպես տուգանքի վճարումն ապահովելու երաշխիք։
Այդ հոդվածների թվում են՝ ՌԴ զինված ուժերի «վարկաբեկումը», «անցանկալի կազմակերպությունների» գործունեությանը մասնակցությունը, «օտարերկրյա գործակալի» գործունեության կարգի խախտումը, պատժամիջոցների կոչերը, զանգվածային լրատվության ազատության չարաշահումը, ծայրահեղական նյութերի տարածումը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի դերերի նույնացումը։
Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 27.20 հոդվածի փոփոխությունների համաձայն՝ կալանքի տակ դրվող գույքի արժեքը չի սահմանափակվելու նշանակված տուգանքի չափով։ Այլ կերպ ասած՝ դատարանները կկարողանան կալանք դնել միլիոնավոր ռուբլիներ արժեցող սեփականության, այդ թվում՝ անշարժ գույքի վրա, նույնիսկ եթե տուգանքն ընդամենը տասնյակ հազարավոր ռուբլի է կազմում։
Գործերը քննվելու են առանց մեղադրյալի ներկայության. տվյալ անձի համար պետական պաշտպան կնշանակվի, իսկ դատարանի որոշման մասին նրան կտեղեկացնեն փոստով։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
«Կան ակնառու օրինակներ, որոնք փաստում են, որ օտարերկրյա պետությունների տարածքներում տարբեր հանրային առաջնորդների և ակտիվիստների կողմից իրականացվում է Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ ուղղված գործունեություն»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ։ Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները հիմնավորում են նրանով, որ պետք է «կանխարգելիչ ազդեցության միջոցներ կիրառել» ռելոկանտների նկատմամբ, ինչպես նաև «խափանել այնպիսի գործողությունները, որոնք կապված են ՌԴ տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի հիմքերի խախտման կոչերի հետ»։
Էմիգրանտների նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու օգտին, որոնց թիվը, տարբեր գնահատականներով, կարող է հասնել 300 հազարից մինչև 1 միլիոնի, Վոլոդինը լոբբինգ էր անում դեռ 2023 թվականին։ Նա պահանջում էր բռնագրավել երկրից հեռացած այն քաղաքացիների գույքը, ովքեր շարունակում են «հրապարակայնորեն ցեխ շպրտել» երկրի վրա։ «Այդ սրիկաները բարեկեցիկ կյանքով են ապրում մեր երկրի շնորհիվ։ Գտնվելով արտասահմանում՝ նրանք վարձակալության են տալիս իրենց անշարժ գույքը, շարունակում են հոնորարներ ստանալ Ռուսաստանի քաղաքացիների հաշվին։ Ու դեռ դրանից բացի վիրավորում են մեր զինվորներին ու սպաներին։ Նրանք իրենց անպատժելի են զգում՝ կարծելով, թե արդարադատության ձեռքը իրենց չի հասնի»,- գրել էր Վոլոդինը։
Դումայում օրենքի քվեարկության նախօրեին Վոլոդինը խոստացել էր, որ էմիգրանտները լիարժեք պատասխան են տալու իրենց կատարած իրավախախտումների համար։ Այն ռելոկանտը, ով «արևմտյան հովանավորների փողերով ահաբեկչության ու ծայրահեղականության կոչեր է անում, արդարացնում է նացիզմը, վիրավորում մեր զինվորներին ու սպաներին», պետք է գիտակցի, որ ստիպված է լինելու պատասխան տալ դրա համար՝ «ինչպես քրեական հանցագործությունների, այնպես էլ վարչական իրավախախտումների համար»,- ասել էր Վոլոդինը։
Source: https://news.am/hy/news/1038513
World
Պետդուման հաստատել է Պուտինի վարչակարգը քննադատելու համար ռելոկանտների գույքի կալանքի մասին օրենքը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։