Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցումներով ընդունել է օրինագիծ, որով բազմապատկվում են միգրացիոն ծառայությունների համար սահմանված պետական տուրքերը։
Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպելու և քաղաքացիությունից դուրս գալու տուրքն աճել է 12 անգամ՝ 4200-ից դառնալով 50 հազար ռուբլի։
ՌԴ-ում կացության կարգավիճակի ձևակերպման տուրքն ավելացել է հինգ անգամ (6 հազարից դառնալով 30 հազար ռուբլի), իսկ ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման համար՝ ութ անգամ (1900-ից դառնալով 15 հազար ռուբլի)։
Ավելացել է նաև օտարերկրացիներին աշխատանքի ներգրավելու տուրքը, ինչի պատճառով մեկ անձի համար գումարն այժմ կազմում է շուրջ 15 հազար ռուբլի։
Տուրքերի բարձրացման նախաձեռնողը ՌԴ ֆինանսների նախարարությունն էր։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պարզաբանել է, որ այս կերպ իշխանությունները ցանկանում են «ազդել ժամանողների մակարդակի վրա»։ «Դա պետք է լինի կայացած և շատ բանի հասած մարդ»,- ասել է նա՝ նկարագրելով, թե ինչպիսին են Պետդումայում պատկերացնում ցանկալի միգրանտներին։
Source: https://news.am/hy/news/1042729