Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք փորձում են վերսկսել Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները, մտադիր են ստանալ Դոնալդ Թրամփի աջակցությունը։ Սակայն Մոսկվայի հետ երկխոսությունը նրանք ծրագրում են վարել սեփական՝ ավելի խիստ պայմաններով։ Bloomberg-ի աղբյուրները հայտնում են, որ «եվրաեռյակի» առաջնորդների կարծիքով՝ պատերազմի ընթացքը փոխվել է հօգուտ Ուկրաինայի, ինչն էլ հնարավորություն է տալիս բանակցություններ սկսել այնպիսի պահանջներով, որոնք դուրս են 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հնչեցված պայմանների շրջանակից։
Ըստ աղբյուրների՝ խաղաղության համաձայնագրի այս նոր մոտեցումը ծրագրվում է Թրամփի հետ քննարկել հաջորդ շաբաթ Ֆրանսիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ։ «Եվրաեռյակի» ղեկավարները ցանկանում են, որ որպես բանակցությունների «մեկնարկային կետ» Ռուսաստանը համաձայնի անհապաղ հրադադար հաստատել ճակատային գծի ներկայիս դրությամբ։ Նրանք նաև պահանջում են, որ համաձայնագրի արդյունքում Ուկրաինան ստանա անվտանգության հուսալի երաշխիքներ, ներառյալ՝ միջազգային ուժերի տեղակայումը։
Այս պայմանները ներառված են հինգ պահանջներից բաղկացած այն ցանկում, որը Քիր Սթարմերը, Ֆրիդրիխ Մերցը և Էմանուել Մակրոնը հրապարակել են կիրակի օրը Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հանդիպումից հետո։ Նշենք, որ Պուտինը նախկինում այս կամ այն տարբերակով մերժել է այդ պահանջներից գրեթե բոլորը։
Պուտինը մինչ օրս պահանջում է իրեն հանձնել Դոնբասի այն հատվածը, որը նրա բանակը դեռ չի գրավել, դեմ է պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում օտարերկրյա զինվորականների տեղակայմանը և, ընդհանուր առմամբ, մտադիր չէ Եվրոպային ներգրավել բանակցություններում։ Մոսկվայում սա անվանում են «Անքորիջի ոգի»՝ ի նկատի ունենալով այն պայմանները, որոնց շուրջ Թրամփն ու Պուտինը իբր պայմանավորվել են Ալյասկայում։
Bloomberg-ը նշում է, որ Ռուսաստանին հենց հիմա խաղաղ գործընթացում ներգրավելու գաղափարի քննադատները (այդ թվում՝ հենց «եվրաեռյակի» երկրների որոշ պաշտոնյաներ) վստահ են, որ Կրեմլի դիրքորոշումը հազիվ թե փոխվի մոտ ժամանակներս։
Այդուհանդերձ, հենց ինքը՝ Զելենսկին, որը Պուտինին բաց նամակ է հղել՝ առաջարկելով անձնական հանդիպում ունենալ, ինչպես նրանց հետ իրավիճակը քննարկած երեք երկրների առաջնորդները, կարծում են, որ պատերազմի հինգերորդ տարում Ռուսաստանի դրությունը նկատելիորեն վատացել է։ Ռուսական բանակը խրվել է մարտերում ու սկսել է տարածքներ կորցնել, իսկ ուկրաինական անօդաչուները կտրում են ռազմաճակատի ու Ղրիմի մատակարարման ուղիները, ինչպես նաև պարբերաբար ռմբակոծում են Ռուսաստանի տարածքում գտնվող նավթավերամշակման գործարանները, ռազմական օբյեկտներն ու ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։
Սա վառելիքային ճգնաժամի է հանգեցրել բռնակցված Ղրիմում և Ռուսաստանի հարավային շրջաններում։ Բացի այդ, երկրի տնտեսությունն ավելի ու ավելի մեծ դժվարությունների է բախվում, և գնալով մեծանում է բնակչության դժգոհությունը, որի բացարձակ մեծամասնությունը մինչ օրս փորձում էր պարզապես չնկատել պատերազմը։
Ստեղծված իրավիճակում եվրոպացիները կարծում են, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացնել՝ նրան բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով, ինչն այժմ հնարավոր է անել Կիևի համար շատ ավելի ձեռնտու պայմաններով։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, որպես Ուկրաինայի խաղաղության գործընթացի մաս, Ռուսաստանի համար նույնիսկ այնպիսի պայման է առաջ քաշել, ինչպիսին է Մերձդնեստրից, Հարավային Օսիայից և Աբխազիայից զորքերի դուրսբերումը։
Bloomberg-ը նշում է, որ «եվրաեռյակի» երկրները կարող են զբաղեցնել իրենց տեղը բանակցությունների սեղանի շուրջ և այնտեղ ծանրակշիռ դեր խաղալ, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության գործընթացը մտել է փակուղի, բացի այդ՝ Վաշինգտոնն այժմ զբաղված է Իրանի դեմ պատերազմով։ Եվրոպացիները ձգտում են Թրամփի աջակցությունը ստանալ իրենց առաջարկների հարցում, որպեսզի ուժեղացնեն Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ, սրա արդյունքում հուլիսին դա կարող է հանգեցնել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկին։
Source: https://news.am/hy/news/1042791