ԱՄՆ պատերազմի նախարարությունում ստեղծվել է անօդաչու համակարգերի կենտրոնացված վարչություն, որը պատասխանատու է այս տեսակի նոր սպառազինությունների համակարգերի մշակման և մատակարարման արագացման համար ամերիկյան զորքերին, ասվում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հրամանում։

Այս վերակազմավորումը Հեգսեթի հերթական նախաձեռնությունն է՝ ուղղված ժամանակակից և արդյունավետ սպառազինության նմուշների տեղակայման արագացմանը։ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելն արդեն այն անվանել է «ներկայիս սերնդի ամենանշանակալի տակտիկական նորարարությունը»։

Հրամանի համաձայն՝ վարչությունը կդառնա նախարարության ներսում «անօդաչու և ինքնավար համակարգերի բոլոր ծրագրերի միասնական համակցված ինտեգրատորը»։ Դրա տնօրենը, որը դեռևս նշանակված չէ, ենթարկվելու է պաշտպանության նախարարի տեղակալ Սթիվեն Ֆայնբերգին և կղեկավարի օդում, ցամաքում և ծովում գործող անօդաչու համակարգերի մշակումը, գնումը, տեղակայումը և տեխնիկական սպասարկումը։

Վարչության ենթակայությանն են հանձնվել Պենտագոնի բոլոր այն կառույցները, որոնք զբաղվում էին փոքր ԲՊԼԱ-ների դեմ պայքարի և էժան անօդաչուների զանգվածային արտադրության նախագծերով։

Վարչության գործունեության ոլորտը ներառում է փոքր անօդաչու թռչող սարքեր, անօդաչու նավակներ, ցամաքային ռոբոտներ և անօդաչուներին հակազդելու համակարգեր։ Այն ընդգրկում է նաև արհեստական բանականությունը և դրանց կառավարման ծրագրային ապահովումը։ Ինչ վերաբերում է անօդաչու ստորջրյա սարքերին, ապա դրանք կգտնվեն ստորջրյա նավերի նախագծերի ղեկավարի հետ համատեղ վերահսկողության ներքո։

Վարչության լիազորությունները չեն տարածվում Պենտագոնի պաշտպանության հիմնական գնումների ծրագրերի վրա՝ թանկարժեք ծրագրերի, որոնք արդեն անցնում են հաստատման առանձին ընթացակարգ։ Սա նշանակում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի MQ-25 Stingray և ԱՄՆ ռազմածովային ուժերի MQ-4C Triton խոշոր անօդաչու թռչող սարքերը մնում են զորատեսակների ենթակայության ներքո, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի միջին չափի անօդաչու վերգետնյա նավերը։

Առանձին նշվում է նաև, որ նախարարության պաշտպանական նորարարությունների բաժինը, որը Պենտագոնի կապող օղակն է առևտրային տեխնոլոգիական ընկերությունների հետ, կդառնա նոր նախագծերի միակ կապի կետը։

Նոր վարչությունը կժառանգի Պենտագոնի բյուջեում ծախսերի ամենանշանակալի աճերից մեկը։ Նախարարության վերջին բյուջետային հայտում ինքնավար անօդաչու հարթակների համար հատկացվել էր 53,6 միլիարդ դոլար, ինչը, Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով, աննախադեպ պարտավորություն է անօդաչուների և դրանց հակազդման համակարգերի զարգացման ուղղությամբ։

Source: https://news.am/hy/news/1047508