Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունների պաշտոնյաները տենդագին կերպով փորձում են փակել այն, ինչն իրենց պատկերացմամբ զինանոցի ակնհայտ բացթողում է Միացյալ Նահանգների ռազմական արսենալում։ Ուկրաինայում և Իրանում բռնկված հակամարտություններն ակնառու կերպով ցույց տվեցին փոքր ու էժան անօդաչու թռչող սարքերի արժեքը, և Թրամփի վարչակազմը եկել է այն եզրակացության, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է հրատապ կարգով լրացնել այդ բացը, գրում է Washington Post-ը։

Իշխանությունները դիմել են ընկերությունների բավականին խայտաբղետ շրջանակի, որոնցից մի քանիսը հիմնադրվել են նախկին սիրողական խմբակների անդամների կողմից, և նրանց դուրս են բերել միմյանց դեմ «ԱԹՍ-ների գերակայություն» 18-ամսյա մրցույթի շրջանակներում, որը մեկնարկել է այս տարի։ Գլխավոր մրցանակը ընդհանուր 1,1 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական պայմանագրերի մասնաբաժինն է։ Պենտագոնում հույս ունեն, որ այս գումարը կբավականացնի 300 000 հատ, ըստ էության, էժան թռչող ռումբեր գնելու համար։

Վարչակազմի վերջնական նպատակներն էլ ավելի հավակնոտ են. հաջորդ տարվա պաշտպանական բյուջեն նախատեսում է 54,6 միլիարդ դոլարի հատկացում՝ անօդաչու սարքերի կիրառմամբ պատերազմ վարելու արմատապես ընդլայնված ստորաբաժանման ֆինանսավորման համար։

Մրցույթի նոր փուլը պետք է մեկնարկի հաջորդ շաբաթ։ Մրցավազքի առաջատար դիրքերում են բրիտանական Skycutter ընկերությունը, որը միավորվել է մարտերում փորձարկված ուկրաինական արտադրողի հետ, և Neros ընկերությունը, որը հիմնադրել է Սորեն Մոնրո-Անդերսոնը՝ նույն ինքը՝ մրցարշավների նախկին երիտասարդ չեմպիոնը։

Մոնրո-Անդերսոնի ընկերությունն արդեն համագործակցում է ԱՄՆ ցամաքային զորքերի և Ծովային հետևակի կորպուսի հետ։ Նրա խոսքով՝ պաշտոնյաներն իրեն ուղղակիորեն ասել են, որ մրցումների մեկնարկում իրենց հետ մեծ հույսեր են կապում։

«Ինձ շատ է դուր գալիս, որ այս մրցույթը բոլորին լարվածության մեջ է պահում բոլորին,- ասում է նա։- «ԱԹՍ-ների գերակայությունում» անվճար լանչեր չեն լինում»։

Կենտրոնանալ մասնավոր հատվածի վրա և հեռու մնալ ռազմարդյունաբերական համալիրի հսկաներից

Մասնակիցների խայտաբղետ կազմը Պենտագոնի մանրակրկիտ մշակված պլանի մի մասն է։ Դրա նպատակն է ընդլայնել սպառազինության գնումների ավանդական ուղիները Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում։ Պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են դիմում մասնավոր բիզնեսին՝ ռազմական տեխնիկայի նոր տեսակներ մշակելու համար։ Նրանք պատրաստ են գումարներ ներարկել առավել հեռանկարային արտադրանքների մեջ՝ խուսափելով չափազանց ուռճացված պայմանագրերից, որոնք պատմականորեն բաժին էին հասնում պաշտպանական հատվածի միայն մի քանի խոշորագույն խաղացողների։

«Ես խորապես լավատես եմ այն հարցում, թե որքան շատ ձեռնարկատիրական տաղանդներ ունենք մենք»,- նշել է Պաշտպանական նորարարությունների գործակալության (DIU) փոխտնօրեն Թրևիս Մետցը (սա Պենտագոնի այն ստորաբաժանումն է, որը համակարգում է տվյալ մրցույթը)։ «Ռազմական նախարարությանը հարկավոր չէ ֆինանսավորել հիմնարար հետազոտություններն ու մշակումները սրա համար»,- հավելել է Մետցը՝ օգտագործելով պաշտպանական գերատեսչության պատմական անվանումը, որին նախապատվություն է տալիս Թրամփի վարչակազմը։

Պաշտոնյաները կանխատեսում են, որ զինվորականներից կպահանջվի տարեկան կտրվածքով հսկայական քանակությամբ փոքր ԱԹՍ-ներ ձեռք բերել։ Այս համակարգերն էժան են՝ մոտ 5 000 դոլար մեկ հատի համար, և նախագծված են որպես «ծախսվող նյութ» (Պենտագոնի ռազմական ժարգոնով դա նշանակում է, որ դրանք կարելի է պայթեցնել՝ առանց արժեքի կորստի համար ավելորդ ափսոսանքի)։

Հիմքում ընդունելով դրոն-ռեյսինգի աշխարհից վերցված տեխնոլոգիաները՝ ուկրաինական զորքերն ակնառու կերպով ցույց տվեցին, թե ինչպես կարող են նման համակարգերը կայծակնային արագությամբ հատել խրամատների գիծը՝ տանկեր որսալու համար, հավելելով, որ դա թույլ է տալիս զսպել ռուսական ուժերին։ Իրանցիները նույնպես օգտագործել են անօդաչու թռչող սարքեր՝ իրենց սահմաններից դուրս հարվածներ հասցնելու և Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակվելու համար։ Նրանքգործել են բավականին հաջող ձևով, նույնիսկ ԱՄՆ-ի հսկայական ռազմական խմբավորման աչքի առաջ։

Մոնրո-Անդերսոնը հասկացել է, որ կարող է բիզնես կառուցել դրա վրա, երբ տեսել է, թե մարտական գործողություններում որքան կարևոր դեր են սկսել խաղալ այն տեխնոլոգիաները, որոնց շրջապատում ինքը մեծացել է։ Նա բացատրել է, որ բարձր մանևրայնությունը, որն անհրաժեշտ է մրցուղու վրա կտրուկ շրջադարձեր կատարելու համար, նույն հաջողությամբ կիրառելի է կիրառել նաև պայթուցիկը թիրախին ակնաբուժական ճշգրտությամբ հասցնելու համար։

«Խնդիրը միայն այն չէ, որ դուք կարող եք դիպչել տանկին։ Դուք կարող եք արկը տեղավորել հենց այդ տանկի կոնկրետ կեսմետրանոց հատվածում»,- ընդգծել է Մոնրո-Անդերսոնը։

Մասնագետների քննադատությունը. Արդյո՞ք ԱՄՆ բանակին անհրաժեշտ են նման անօդաչու թռչող սարքեր։

Այնուամենայնիվ, մի շարք փորձագետներ նշում են, որ դեռևս լիովին պարզ չէ, թե որքանով արդիական կլինեն փոքր ԱԹՍ-ները հենց ամերիկյան բանակի համար։ Ուկրաինայում հակամարտությունն ընթանում է հարաբերականորեն ստատիկ, դանդաղ փոփոխվող ճակատային գծերում, որտեղ ԱԹՍ-ների օպերատորները հնարավորություն ունեն հանգիստ կերպով կահավորել իրենց դիրքերը և թռիչքներ իրականացնել։ Մինչդեռ ամերիկյան զորքերի համար, որոնք գործում են հայրենիքից հսկայական հեռավորության վրա, պայմանները, ամենայն հավանականությամբ, բոլորովին այլ կլինեն, կարծում է բանակի պաշտոնաթող ուղղաթիռային օդաչու և անօդաչու համակարգերի մասնագետ Քրիսպին Բըրքը։

«Հնարավոր է՝ նրանք չափազանց ծայրահեղության մեջ են ընկնում՝ փորձելով զանգվածաբար գնել այս սարքերը,- զգուշացնում է Բըրքը։- Եթե ձեր բանակը գտնվում է մշտական շարժման ու տեղաշարժերի մեջ, որտե՞ղ եք պատրաստվում տեղափոխել ու պահեստավորել այդ հազարավոր դրոնները»։

Մետցը հակադարձում է՝ չնայած ամերիկյան զորքերի մարտավարությունը կարող է տարբերվել ուկրաինականից, նա դեռևս համոզված է, որ դրոնները գերիշխող դիրք կունենան ապագայի առաջնագծում։ Հետևելով ընթացիկ հակամարտությանը՝ նույն եզրակացությանն են եկել նաև ձեռնարկատերերը։ Նրանցից շատերը հատուկ մեկնել են Ուկրաինա՝ անմիջապես մարտական գործողությունների մասնակիցներից խորհրդատվություն ստանալու համար՝ նախքան իրենց ստարտափները գործարկելը կամ քաղաքացիական բիզնեսը ռազմական ռելսերի վրա փոխադրելը։

Քայլ Դորոշն առաջին անգամ ռադիոկառավարվող ինքնաթիռ է բաց թողել հնգամյա հասակում։ Դպրոցն ավարտելուց հետո նա դրոններ էր հավաքում և վարում կինոարտադրության համար, իսկ ավելի ուշ հիմնադրել է լուսային շոուներ բեմադրող Firefly ընկերությունը (աշխատելով սիրողական դետալներով հենց իր նկուղում)։

Այնուամենայնիվ, 2023 թվականին, երբ նա ստեղծել է Swarm Defense ընկերությունը՝ ռազմական համակարգերի վրա աշխատելու համար, աշխատակիցների մի մասը, ովքեր աշխատում էին նրա երկու ձեռնարկություններում էլ, առանց խանդավառության ընդունեցին վեկտորի փոփոխությունը և կտրականապես հրաժարվեցին աշխատել պաշտպանական նախագծի վրա։

«Սա բավականին կտրուկ շրջադարձ է՝ կոմերցիոն ժամանցից անցում կատարել մարտական գործիքների ստեղծմանը՝ հակառակորդին ոչնչացնելու համար»,- խոստովանում է նա։

Միևնույն ժամանակ Դորոշը հավելել է, որ լիովին համոզված էէ, որ իր տեխնոլոգիան, որը թույլ է տալիս դրոնների ամբողջական երամներին գործել սինխրոն և համաձայնեցված կերպով, ընդունակ է պաշտպանել ամերիկյան զինվորների կյանքը։ «Ինձ սխալ էր թվում, թե մենք ունենք նման հնարավորություններ և դրանք չենք օգտագործում մեր մարտիկներին օգնելու համար»։

Ռեալիթի շոուի սկզբունքի հիման վրա՝ թեստերի չորս փուլ

Այս պահին Պենտագոնը փորձում է մաղել տասնյակ հավակնորդների՝ թողնելով երեքից հինգ առանցքային մատակարարների։

Դրա համար պաշտոնյաները մշակել են «ԱԹՍ-ների գերակայության փորձությունների» ընտրության համակարգը. դրանք աճող բարդության չորս հաջորդական մրցույթներ են, որոնց ընթացքում զինվորականները մի քանի օր շարունակ տեխնիկան փորձարկում են դաշտային պայմաններում։ Յուրաքանչյուր փուլից հետո հաղթողների համար պայմանագրերի ծավալն ընդլայնվում է, սակայն գնման գինը, որը Պենտագոնը պատրաստ է վճարել մեկ դրոնի համար, նվազում է։ Մետցը պարզաբանել է, որ գաղափարը կայանում է նրանում, որ արհեստական ճանապարհով խթանվեն արագ նորարարությունները (առանց իրական պատերազմի գործոնների ճնշման)։

Source: https://news.am/hy/news/1040013