ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը խիստ ելույթ է ունեցել ԱՄՆ Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջև՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգներում «գաղափարականացված բանակի» դարաշրջանն ավարտվել է, գրել է Daily Mail-ը։

Ելույթի սկզբում Հեգսեթը կատակել է՝ պատկերելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսելաոճը։ Նա Թրամփի ոճով «լիակատար և անվերապահ ներում» է հայտարարել այն կադետներին, որոնք թույլ են տվել փոքր կարգապահական խախտումներ։ Դահլիճը կատակն ընդունել է ծիծաղով և ծափահարություններով։

Դրանից հետո նախարարն անցել է ելույթի քաղաքական հատվածին։

Հեգսեթը խիստ քննադատել է ԱՄՆ բանակի նախկին ղեկավարությանը՝ ռասայի, սեռի և «բազմազանության ու ներառականության» քաղաքականության հարցերին չափազանց մեծ ուշադրություն դարձնելու համար։ Նրա խոսքով՝ զինված ուժերը պետք է զբաղվեն պատերազմի նախապատրաստությամբ, ոչ թե գաղափարախոսական փորձերով։

Նա «Մեր բազմազանությունը մեր ուժն է» կարգախոսն անվանել է ժամանակակից ամերիկյան բանակի ամենաանհաջող գաղափարներից մեկը և հայտարարել, որ զինված ուժերի իրական ուժը միասնության և կարգապահության մեջ է։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ բանակը վերջին տարիներին ապրել է «դանդաղ անկում», որն ուղեկցվել է պահանջների նվազեցմամբ և մարտական պատրաստությունից դեպի քաղաքական և սոցիալական թեմաներ ուշադրության շեղմամբ։

Նախարարը նաև քննադատել է ԱՄՆ ռազմական ակադեմիայում ներառականության ծրագրեր ներդնելու փորձերը՝ հայտարարելով, որ ուսումնական հաստատությունը փորձել են ռազմական դպրոցի փոխարեն վերածել քաղաքականապես ակտիվ համալսարանի։

Նա առաբձին ծաղրել է բանակում գենդերային ինքնության շուրջ քննարկումները՝ հայտարարելով, որ մարտի դաշտում նշանակություն ունեն պատրաստվածությունն ու արդյունավետությունը, ոչ թե քաղաքական կամ անձնական ինքնորոշումները։

Հեգսեթն ընդգծել է, որ ապագա սպաները չպետք է գնահատվեն ռասայական կամ գենդերային քվոտաներով, իսկ բանակը պետք է կենտրոնանա բացառապես մարտական պատրաստության վրա։

Նա նաև խոստացել է աջակցել հրամանատարներին, որոնք մարտական պայմաններում բարդ որոշումներ են ընդունում, և հայտարարել է, որ սպաներն այլևս չպետք է վախենան իրենց գործողությունների քաղաքական հետևանքներից։

Source: https://news.am/hy/news/1037832