Ինչպես հաղորդում է TVNZ-ը, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, մեկնաբանելով Նոր Զելանդիայի ռազմական ծախսերի մակարդակը, հայտարարել է, որ այդ երկիրը «օգտվում է ամերիկյան ռազմական պաշտպանությունից՝ առանց բավարար ներդրում կատարելու»։

Սինգապուրում ընթացող «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովի ժամանակ իր ունեցած ելույթում նա նշել է, որ երկրները պետք է ռազմական ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի մոտ 3,5%-ի։

Նրա խոսքով՝ այն պետությունները, որոնք կավելացնեն ներդրումները սեփական պաշտպանության մեջ, առաջնահերթություն կստանան՝ սպառազինության արագացված մատակարարումների, ռազմարդյունաբերության ոլորտում ընդլայնված համագործակցության և հետախուզական տվյալների փոխանակման տեսքով։

«Այն երկրների համար, որոնք շարունակում են անվճար օգտվել ամերիկյան հարկատուների առատաձեռնությունից, այդ ժամանակներն ավարտվել են»,- հայտարարել է Հեգսեթը՝ հավելելով, որ այն դաշնակիցները, որոնք պատրաստ չեն «կիսել պատասխանատվության իրենց բաժինը», կբախվեն ԱՄՆ-ի հետ համագործակցության ձևաչափի փոփոխությանը։

Դահլիճում ներկա է եղել նաև Նոր Զելանդիայի պաշտպանության նախարար Քրիս Պենկը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա Նոր Զելանդիային համարում է «ձրիակեր»՝ Հեգսեթը հայտարարել է, որ ՀՆԱ-ի 2%-ի չափով ծախսերի մակարդակը բավարար չէ. «2%-ը միևնույն է քիչ է, նշանակում է՝ դա նույնպես «անվճար օգտվելու» ձև է։ Ես Նոր Զելանդիայի դեմ ոչինչ չունեմ, պարզապես ցանկանում եմ, որ գործընկերներն ուժեղացնեն իրենց կարողությունները»։

Նա հավելել է, որ ակնկալում է համագործակցել Նոր Զելանդիայի պաշտպանության նոր նախարարի հետ՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների վաղեմի բնույթը։

Հեգսեթի խոսքով՝ դաշինքները արդյունավետ կլինեն միայն ռազմական կարողությունների համադրելի մակարդակի դեպքում։

«Եթե մենք դաշնակիցներ ենք, ապա պետք է ունենանք համադրելի հնարավորություններ, այլապես մեր միությունը կորցնում է իր իմաստը»,- կարծում է նա։

Նոր Զելանդիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին առաջիկա տարիներին պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչև 2%-ի հասցնելու պլանների մասին։ Ընթացիկ բյուջեով նախատեսված է 1,6 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում պաշտպանական ոլորտի համար, ներառյալ՝ նավատորմի արդիականացումը և անօդաչու համակարգերի զարգացումը։

Միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Ֆայֆիլդը, ով ներկա էր համաժողովին, նշել է, որ Հեգսեթի առաջարկած 3,5% մակարդակը զգալիորեն գերազանցում է Նոր Զելանդիայի ներկայիս պլանները։

Source: https://news.am/hy/news/1039553