Պենտագոնը հաջողված է համարում ԱՄՆ ծրագրերի իրականացումը, որոնք նպատակ ունեն, որպեսզի ՆԱՏՕ գծով նրանց եվրոպացի դաշնակիցներն իրենց վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնեն սեփական անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին։

Ինչպես նա նշել է X-ում, Վաշինգտոնի վարչակազմը Հյուսիսատլանտյան դաշինքում այնպիսի փոփոխությունների է ձգտում, որոնց արդյունքում «Եվրոպան իր վրա կվերցնի իր պաշտպանության ապահովման հիմնական պատասխանատվությունը՝ ոչ միջուկային սպառազինության օգնությամբ»։ «Շատերն ասում էին, որ դա անհնար է, որ Եվրոպան չի կարողանա կամ չի ցանկանա անել այդ քայլը։ Մեր աչքի առաջ այդ պնդումը հերքվում է»,- ավելացրել է Քոլբին։ Պաշտպանության նախարարի տեղակալն ընդգծել է, որ Վաշինգտոնը ցանկանում է ՆԱՏՕ-ում տեսնել «գործընկերության, այլ ոչ թե ԱՄՆ-ից դաշնակիցների կախվածության վրա հիմնված դաշինք»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել դաշինքի գործունեության հետ կապված։ Դեռևս իր ընտրվելուց առաջ նա սպառնում էր, որ ԱՄՆ-ը դուրս կգա դաշինքից, եթե եվրոպացի գործընկերները չստանձնեն ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն իրենց անվտանգության համար։

Source: https://news.am/hy/news/1047608