Առնվազն 46 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, զոհվել է Մյանմարի հյուսիս-արևելքում՝ Չինաստանի սահմանի մոտակայքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, հայտնում է Associated Press-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ կեսօրին մոտ, Նամխամ շրջանի Կաունգտուպ գյուղում։
Փրկարար ծառայությունների տվյալներով, ևս 74 մարդ վիրավորվել է և տեղափոխվել տեղական հիվանդանոց։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են մինչև ուշ երեկո։ Անկախ լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է հասնել 50–55-ի։
Պայթյունը տեղի է ունեցել օբյեկտում, որտեղ պահվում էին մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, որոնք օգտագործվում էին հանքարդյունաբերական աշխատանքների և քարահանքերի մշակման համար։ Արդյունքում վնասվել է ավելի քան 100 բնակելի տուն, իսկ հարվածային ալիքը ավերել է շրջակա շենքերը։
Նամխամ շրջանը գտնվում է զինված էթնիկ խմբավորման՝ Տաանգի ազգային ազատագրական բանակի (TNLA) վերահսկողության տակ։ Կազմակերպությունը հաստատել է, որ պահեստում պահվում էր ժելատինային դինամիտ (գելիգնիտ), և հայտարարել է աղետի պատճառների հետաքննություն սկսելու մասին։
Գելիգնիտը լայնորեն կիրառվում է հանքարդյունաբերության մեջ, սակայն երկարատև պահպանման կամ անվտանգության պայմանների խախտման դեպքում կարող է դառնալ չափազանց անկայուն։
Իշխանությունները տուժածներին ցուցաբերում են բժշկական օգնություն և աջակցություն վերաբնակեցման հարցում։
TNLA-ն վերահսկում է այս շրջանը 2023 թվականի վերջից՝ երկրի ռազմական իշխանությունների դեմ էթնիկ զինված խմբավորումների դաշինքի լայնածավալ հարձակումից հետո։ Չնայած անցյալ տարի Չինաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրին, տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Մյանմարը գտնվում է ձգձգվող հակամարտության մեջ 2021 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, երբ բանակը տապալեց Աուն Սան Սու Չժիի ընտրված կառավարությանը։ Այդ ժամանակվանից երկրի զգալի մասը ներքաշված է զինվորականների և տարբեր ապստամբ խմբավորումների միջև զինված դիմակայության մեջ։
Source: https://news.am/hy/news/1039814
World
Պայթյուն Մյանմարի պայթուցիկ նյութերի պահեստում․ զոհվել է ավելի քան 45 մարդ, տասնյակները վիրավորվել են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։