Արևմտյան Պապուայի անջատողական «Արևմտյան Պապուայի ազգային-ազատագրական բանակ» (TPNPB) խմբավորումը հայտարարել է, որ իր մարտիկները գնդակահարել են ամերիկացի օդաչու Նիկոլաս Ֆ. Գոսելինին և հրդեհել ինդոնեզական «PT AMA» ավիաընկերության ինքնաթիռը Յահուկիմո շրջանում, հայտնում է Associated Press-ը:
Ըստ խմբավորման ներկայացուցիչ Սեբի Սամբոմի՝ ինքնաթիռի վրա հարձակումը տեղի է ունեցել Բալինգգամա գյուղում, քանի որ, ինչպես պնդում են անջատողականները, այն ինդոնեզացի զինվորականներ է հասցրել մի տարածք, որն իրենք համարում են զինված հակամարտության գոտի:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հայտնել են, որ օդանավում եղել են մեկ օդաչու և յոթ ուղևոր։ Այն բանից հետո, երբ օդաչուն զեկուցել է հաջող վայրէջքի մասին, թռիչքուղու վրա գտնվող աշխատակիցների հետ կապը կորել է։
Պապուա նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ Cartenz Peace Task Force հատուկ ստորաբաժանումը շարունակում է ստուգել օդաչուի և ուղևորների ճակատագրի մասին տեղեկությունները։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նախատեսվում է մասնագետների խումբ ուղարկել տարածք։
Անջատողականները հայտարարել են, որ ինքնաթիռը խախտել է այն շրջաններ քաղաքացիական չվերթներ իրականացնելու իրենց կողմից նախապես հայտարարված արգելքը, որոնք իրենք համարում են իրենց գործողությունների գոտի։
TPNPB-ի պնդմամբ՝ քաղաքացիական ավիացիան օգտագործվում է ինդոնեզացի զինծառայողներին և զինվորական բեռները Պապուայի դժվարամատչելի շրջաններ տեղափոխելու համար: Այդ հայտարարությունները անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել։
Խմբավորման ներկայացուցիչը միաժամանակ Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյին կոչ է արել միջազգային բանակցություններ սկսել Պապուայում բազմամյա հակամարտության կարգավորման շուրջ։
«Ամերիկացի օդաչուի մահը Ինդոնեզիայի, ԱՄՆ-ի, Նիդերլանդների կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ Պապուայի հակամարտության հիմնական պատճառները վերացնելու անկարողության արդյունքն է, որը շարունակվում է արդեն 64 տարի»,- հայտարարել է Սամբոմը:
Բացի դրանից, նա Միավորված ազգերի կազմակերպությանը կոչ է արել հանդես գալ որպես միջնորդ ինդոնեզական իշխանությունների, TPNPB-ի և Պապուայի ներկայացուցիչների միջև բանակցություններում, ինչպես նաև զգուշացրել է, որ խմբավորումը կշարունակի հարձակվել քաղաքացիական ինքնաթիռների վրա, եթե համարի, որ դրանք օգնում են ինդոնեզացի զինվորականներին։
Պապուան Ինդոնեզիայի կազմի մեջ է մտել 1969 թվականին՝ ՄԱԿ-ի աջակցությամբ կազմակերպված քվեարկությունից հետո, որի արդյունքները շատ քննադատներ ոչ լեգիտիմ են համարում։ Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանում շարունակվում է զինված դիմակայությունը անջատողականների և ինդոնեզական ուժային կառույցների միջև։ Վերջին տարվա ընթացքում հակամարտությունը նկատելիորեն սրվել է. բախումների հետևանքով զոհվել են տասնյակ ապստամբներ, զինծառայողներ և խաղաղ բնակիչներ։
Source: https://news.am/hy/news/1047411