Պակիստանի արևելյան Լահոր քաղաքում երեքշաբթի կառուցվող ուսումնական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 14 դպրոցական, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական գերատեսչությունների տվյալներին։

Եվս ութ երեխա վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, հայտարարել է ոստիկանության ավագ սպա Ֆեյսալ Քամրանը՝ հավելելով, որ ուսումնական կենտրոնի սեփականատերն ու ևս մեկ անձ ձերբակալվել են։

Ըստ Քամրանի՝ փրկարարները շարունակում են մաքրել փլատակները այն հաղորդումներից հետո, թե բեկորների տակ կարող են այլ երեխաներ էլ մնացած լինել։ Նա նշել է, որ ուսումնական կենտրոնը տեղակայված է եղել հին շենքում, իսկ անավարտ երկրորդ հարկի տանիքը, ենթադրաբար, փլուզվել է անորակ շինարարության պատճառով։

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին Լահորում երեկոյան դպրոցի շենքի փլուզման կապակցությամբ։ Նա նաև ընդգծել է անվտանգության արդյունավետ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ նմանատիպ ողբերգությունները կանխելու համար։

Շենքերի փլուզումները տարածված երևույթ են Պակիստանում, որտեղ շինարարական նորմերը հաճախ թույլ են պահպանվում։ Շատ կառույցներ վեր են խոյանում անորակ նյութերի օգտագործմամբ, իսկ անվտանգության կանոնները հաճախ անտեսվում են՝ ծախսերը նվազեցնելու նպատակով։

Source: https://news.am/hy/news/1046957