Պակիստանն ու Կատարը դիվանագիտական ջանքեր են գործադրում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները վերսկսելու համար, հայտնել են տարածաշրջանային աղբյուրները CNN հեռուստաալիքին:
Երկու երկրներն էլ նախկինում հանդես են եկել որպես առանցքային միջնորդներ Շվեյցարիայում ընթացող բանակցություններում, որոնք ի վերջո հանգեցրին հունիսի կեսերին Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը: Դիվանագիտական շփումների նախորդ փուլերին մասնակցել է նաև Օմանը։
Չորեքշաբթի երեկոյան Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և «զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»։
«Տարածաշրջանում խաղաղության հասնելու ընդհանուր նպատակին հասնելու համար չկա այլընտրանք փոխգործակցության, երկխոսության և դիվանագիտության շարունակմանը»,- հայտարարել են Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ Իսլամաբադում կողմերին կոչ են արել նաև կատարել Իսլամաբադում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները՝ այն անվանելով տարածաշրջանի փոխըմբռնման, հարգանքի և ընդհանուր բարգավաճման հիմք։
Միաժամանակ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է փլուզվել։ Հինգշաբթին դարձավ նոր փոխադարձ հարվածների երկրորդ օրը, ինչն էլ ավելի բարդացրեց իրավիճակը նախկինում ձեռք բերված փխրուն հրադադարից հետո։
Ամերիկյան զինվորականները հայտնել են գիշերային ժամերին Իրանի ափի երկայնքով 90 թիրախների հարվածներ հասցնելու մասին։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։
Source: https://news.am/hy/news/1048980