Օրենբուրգի իշխանությունները հրաժարվել են Հյուսիսային Կորեայից աշխատանքային միգրանտներ ներգրավելու մտքից՝ քաղաքային տնտեսության ոլորտում աշխատեցնելու համար, քանի որ առաջարկված վարձատրության մակարդակը բավարար չի եղել հավանական աշխատողների համար։ Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավար Ալբերտ Յումադիլովը՝ ամփոփելով փողոցների մաքրման համար օտարերկրյա աշխատողներ վարձելու փորձի նախնական արդյունքները, փոխանցոել է «Կոմերսանտ»-ը։
Պաշտոնյայի խոսքով՝ անցյալ տարի քաղաքը փորձել էր պայմանավորվել հյուսիսկորեացիների ներգրավման շուրջ, սակայն բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Նրա խոսքով՝ առաջարկվող աշխատավարձը՝ ամսական մոտ 55 հազար ռուբլի, չափազանց ցածր է եղել։
«Հյուսիսային Կորեայից աշխատողները 55 հազարով չեն գա։ Այնտեղ աշխատավարձի մակարդակը երկու-երեք անգամ բարձր է», — հայտնել է Յումադիլովը։ Նա նաև նշել է հյուսիսկորեացի աշխատողների բարձր արտադրողականությունը՝ նրանց բնութագրելով որպես շատ կարգապահ և աշխատասեր։
Միևնույն ժամանակ, Օրենբուրգում դրական են գնահատել Սենեգալից ժամանած միգրանտների աշխատանքը։ Քաղաքապետի խոսքով՝ նրանք համաձայնել են աշխատել նաև հանգստյան օրերին, ինչը նախկինում խնդիր էր կոմունալ ծառայությունների համար։
«Նրանք աշխատում են կիրակի օրը, նախկինում ոչ ոք աշխատանքի դուրս չէր գալիս։ Եթե մենք նման աշխատանք պատվիրեինք կապալառուներին, դա կարժենար միլիոնավոր ռուբլիներ», — նշել է քաղաքի ղեկավարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օրենբուրգը ծրագրում էր ներգրավել մոտ 70 աշխատող Սենեգալից՝ փողոցների մաքրման համար։ Նրանց հետ նախատեսվում էր պայմանագիր կնքել մինչև 2027 թվականի ապրիլ։ Իշխանությունների խոսքով՝ բավարար թվով տեղացի աշխատողներ գտնել, որոնք պատրաստ կլինեին զբաղվել քաղաքային տարածքների մաքրմամբ, դժվար է եղել։
Source: https://news.am/hy/news/1049296