Չինաստանի Ներքին Մոնղոլիայի Օրդոս քաղաքում մոտ 12 քառակուսի կիլոմետր զբաղեցնող տարածքում գտնվում է Օրդոսի մշակութային արդյունաբերության պարկը:

Այն մշակութային և զբոսաշրջային մեծ համալիր է, որտեղ ներկայացված է մոնղոլական մշակույթը։ Այստեղ կան ոչ միայն մեծ բեմեր ու պատմական ոճով կառուցված շենքեր, այլև թանգարաններ և ցուցասրահներ։

Թանգարանային հատվածներում ներկայացվում են մոնղոլների պատմությունը, նրանց կենցաղը, արվեստը, մշակույթը և ավանդույթները։ Այստեղ՝ բացօթյա հատվածում, պարբերաբար ներկայացվում է «Օրդոսի հարսանիք» բեմականացումը:

Այս ծեսը, որը ավելի քան 700 տարվա պատմություն ունի 2006 թվականին ընդգրկվել է Չինաստանի ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Ներկայացման ընթացքում միավորվում են ավանդական երաժշտությունը, երգը, պարը, ազգային տարազները, դրոշներն ու մեծ թմբուկները։ Այս ամենը պարզապես շոու չէ, այլ հին ավանդույթների ժամանակակից բեմական վերարտադրություն։

Նման ներկայացումների միջոցով Օրդոսն այսօր պահպանում և այցելուներին է փոխանցում իր մոնղոլական մշակութային ժառանգությունը։ Օրդոսի մշակութային արդյունաբերության պարկի տարածքում կան նաև ավանդական մոնղոլական յուրդեր, որոնք ցուցադրական ձևով ներկայացնում են մոնղոլների քոչվորական կենցաղը, բնակության պայմաններն ու առօրյա մշակույթը։

Source: https://news.am/hy/news/1056102