ՕՊԵԿ+ երկրները համաձայնության են եկել հուլիսից նավթի արդյունահանման ընդհանուր քվոտաներն օրական 188 հազար բարելով ավելացնելու շուրջ։ Որոշումն ընդունվել է Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Իրաքի, Քուվեյթի, Ղազախստանի, Ալժիրի և Օմանի նախարարների առցանց հանդիպման ժամանակ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլն ուղղված է «նավթի շուկայի կայունության պահպանմանը», ինչպես նաև մասնակիցներին հնարավորություն ընձեռելուն՝ արագացնելու արդյունահանման նախկինում սահմանված կրճատումների փոխհատուցումը՝ պատմականորեն բարձր գների հետնապատկերին։

Ընդսմին, վերլուծաբանները նշում են, որ որոշման փաստացի ազդեցությունը շուկայի վրա կարող է սահմանափակ լինել՝ պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերի և մատակարարումների ընդհատումների պատճառով։

Rystad Energy-ի վերլուծաբան Յորգե Լեոնը հայտարարել է, որ քվոտաների քննարկվող ավելացումը «շատ քիչ նշանակություն ունի, քանի դեռ Հորմուզի նեղուցը փակ է մնում»։

«Շուկային քվոտաների մասին նոր հայտարարություններ պետք չեն։ Նրան պետք են իրական բարելներ, որոնք կարող են մատակարարվել։ Այդ առումով, օրական 188 հազար բարելով ավելացումը ավելի շուտ քաղաքական ազդակ է, քան առաջարկի իրական ընդլայնում»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ շուկայում տիրող ներկայիս իրավիճակը պայմանավորված է ոչ այնքան ՕՊԵԿ+-ի որոշումներով, որքան նավթի մատակարարումների ֆիզիկական սահմանափակումներով, հատկապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում շարունակվող ընդհատումների և հումքի տեղափոխման հիմնական երթուղիներում առկա անկայունության պայմաններում։

Այսպիսով, չնայած արդյունահանման ձևական ավելացմանը, շուկայի մասնակիցներնը ակնկալում են, որ պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունը մոտ ապագայում կմնա լարված։

Source: https://news.am/hy/news/1047418