ԱՄՆ-ի Թենեսի նահանգում Ֆրենչ-Բրոդ գետի վրայով անցնող Interstate 40 ավտոմայրուղու կամուրջը պաշտոնապես ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը։ Նոր ճանապարհային նշանների բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ին Նոքսվիլից ոչ հեռու գտնվող Դենդրիջ քաղաքում, հայտնում է USA Today-ը։

Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ և նախագահի հարազատները։ Ինքը՝ Թրամփը, արարողությանը չի մասնակցել․ նրան ներկայացրել են քույրը՝ Էլիզաբեթ Թրամփ Գրաուն, և հարսը՝ Էնն Մարի Թրամփը։

Արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Բեսենթը հայտարարել է, որ Թրամփը «արժանի է այս պատվին»՝ ընդգծելով երկրի զարգացման գործում նրա ներդրումը։ Կամրջի երկու ծայրերում տեղադրվել են President Donald J. Trump Bridge անվանումով նոր ցուցանակներ։

Կամրջի վերանվանումը տեղի է ունեցել նույն օրը, երբ Ֆլորիդայի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը պաշտոնապես ստացել է President Donald J. Trump International Airport անվանումը։ Թրամփի ընտանիքի ինքնաթիռը դարձել է առաջին օդանավը, որը վայրէջք է կատարել նոր անվան ուժի մեջ մտնելուց հետո։

Վերջին տարիներին Դոնալդ Թրամփի անունը տրվել է նաև մի շարք դաշնային ծրագրերի և օբյեկտների, այդ թվում՝ ներդրումային «Թրամփի հաշիվներին» (Trump Accounts)։

Source: https://news.am/hy/news/1049384