ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փաստացի դարձել է Վենեսուելայի գլխավոր համակարգողը Վաշինգտոնի իրականացրած գործողությունից հետո, որի արդյունքում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն գերեվարվել է ամերիկյան ուժերի կողմից, գրել է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Ռուբիոն պաշտոնապես պաշտոն չի զբաղեցնում Վենեսուելայի կառավարությունում, սակայն հենց նա է Վաշինգտոնից վերահսկում երկրի քաղաքականության առանցքային ուղղությունները՝ սկսած ֆինանսական հոսքերից և նավթային հատվածից մինչև պետական կառույցների գործունեությունը։
Թերթի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը զգալի ազդեցություն է ստացել Վենեսուելայի եկամուտների նկատմամբ։ Երկրի արտահանությունից ստացվող միջոցներն անցնում են ԱՄՆ ֆինանսների նախարարության վերահսկողության տակ, ապա բաշխվում մասնավոր բանկերի միջոցով։ Ռուբիոյի թիմը սահմանում է այդ միջոցների օգտագործման պայմաններն ու շահառուների շրջանակը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նավթարդյունաբերությանը։ NYT տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարը մասնակցում է վենեսուելական ռեսուրսներին օտարերկրյա ընկերությունների հասանելիության վերաբերյալ որոշումների կայացմանը և փաստացի ազդում է երկրի էներգետիկ հատվածի կառուցվածքի վրա։
Ռուբիոն աշխատանքային կապեր է պահպանում Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ, որը Մադուրոյի օրոք զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Ինչպես նշել է պարբերականը, նա պարբերաբար ամերիկացի պաշտոնյայի հետ համաձայնեցնում է կարևոր կադրային և քաղաքական որոշումները։
Միևնույն ժամանակ, Ռուբիոյի դերը վեճեր է առաջացնում։ Դոնալդ Թրամփի վարչակազմի քննադատները Վաշինգտոնին մեղադրում են Վենեսուելայի ներքին գործերին չափազանց մեծ միջամտության և նրա բնական ռեսուրսները ԱՄՆ շահերին ծառայեցնելու մեջ։ Սպիտակ տան քաղաքականության կողմնակիցները պնդում են, որ վերահսկողությունն անհրաժեշտ է երկիրը կայունացնելու և ժողովրդավարական կառավարմանն անցումը նախապատրաստելու համար։
Ինքը՝ Ռուբիոն, հրապարակայնորեն խուսափում է քննարկել Վենեսուելայի վրա իր ազդեցությունը և հայտարարում է, որ ԱՄՆ վերջնական նպատակը կայունության վերականգնումն ու քաղաքական վերափոխման իրականացումն է։
NYT տվյալներով՝ Վենեսուելայում իրավիճակը կարող է կարևոր գործոն դառնալ Ռուբիոյի քաղաքական ապագայի համար, որին դիտարկում են որպես Թրամփի հնարավոր ժառանգներից մեկը։
Source: https://news.am/hy/news/1049288