Նորվեգիայում մետաղ որոնելու սիրահարը պատահաբար հայտնաբերել է մոտ 900 տարվա վաղեմության հազվագյուտ արծաթե մետաղադրամ, որը կապված է թագավոր Մագնուս Ոտաբոբիկի հետ՝ իշխան, որին հաճախ անվանում են վիկինգների դարաշրջանի վերջին թագավոր, հայտնել է Live Science-ը։
Գտածոն արվել է 2025 թվականի գարնանը Նորվեգիայի հարավ-արևմուտքում գտնվող Ուտստայնի վանքից ոչ հեռու։ Սկզբում Մորտեն Էեկը մտածել է, թե սովորական կոճակ է գտել․ առարկայի մի կողմը արծաթագույն տեսք ուներ, իսկ մյուսը պատված էր պղնձով, կենտրոնում՝ մուգ բծով։ Արտեֆակտը հայտնվել է մյուս կոճակների, ժամանակակից մետաղադրամների և մետաղական աղբի հետ նույն տուփում։
Միայն մի քանի ամիս անց այլ որոնողներ նկատել են, որ գտածոն նման է միջնադարյան մետաղադրամի, և այն փոխանցել են Ստավանգերի համալսարանի Հնագիտական թանգարանի մասնագետներին։
Հետազոտությունը ցույց է տվել, որ սա Մագնուս Ոտաբոբիկի կառավարման շրջանի չափազանց հազվագյուտ մետաղադրամ է։ Նա Նորվեգիան կառավարել է 1093-1103 թվականներին։ Մինչ օրս հայտնի է նրա դարաշրջանին վերաբերող ընդամենը մոտ հարյուր մետաղադրամ։
Գտածոյի առանձնահատկությունը ոչ միայն նրա տարիքն է, այլև անսովոր ճակատագիրը։ Հատումից հետո մետաղադրամը վերափոխվել է․ մի կողմին ամրացրել են պղնձե թիթեղ, իսկ եզրը ծալել դրա շուրջը։ Եզրի երկու փորվածքները վկայում են, որ ժամանակին դրան կարող էին շղթա ամրացնել և կրել որպես զարդ։
Արտեֆակտի թաքնված կողմն անվնաս ուսումնասիրելու համար գիտնականները ռենտգենյան նկար են արել։ Այն ցույց է տվել գրիֆոնի պատկեր՝ առասպելական արարած, որն ունի առյուծի մարմին և գիշատիչ թռչնի գլուխ։ Մյուս կողմում պահպանվել է խաչի խորհրդանիշը։ Հենց խաչի և գրիֆոնի համադրությունն էլ մետաղադրամը դարձնում է այդքան հազվագյուտ։
Հայտնի են միայն նման չորս մետաղադրամներ․ մեկը հայտնաբերվել է Ֆարերյան կղզիներում, իսկ երեքը՝ Դանիայում։ Նոր գտածոն դարձել է առաջինը, որը հայտնաբերվել է Նորվեգիայի տարածքում։
Գիտնականները կարծում են, որ մետաղադրամը կարող է շատ բան պատմել վիկինգների դարաշրջանի ավարտին Նորվեգիայում դրամահատության մասին։ Մագնուս Ոտաբոբիկը վարում էր ակտիվ ռազմական քաղաքականություն, արշավանքներ էր կազմակերպում Իռլանդական ծովի շրջանում և ձգտում էր ընդլայնել Նորվեգիայի ազդեցությունը։ Միաժամանակ, նա իրականացրել է դրամական բարեփոխում՝ մետաղադրամներում վերականգնելով արծաթի բարձր պարունակությունը՝ մոտ 90 տոկոս։
Հնագետները դեռ չգիտեն, թե կոնկրետ երբ է մետաղադրամը հայտնվել Ուտստայնի վանքի մոտ։ Հնարավոր է՝ այն կորել է հենց թագավորի օրոք, բայց նաև հնարավոր է, որ մետաղադրամը շարունակել են օգտագործել զարդ դարձվելուց հետո ևս՝ տարիներ կամ նույնիսկ սերունդներ անց, երբ այն այլևս դադարել էր փող լինել։
Source: https://news.am/hy/news/1049225