Նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 28–ին, Վանաձորում հնչած կրակոցների դեպքից։

Դեպքի առնչությամբ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է. «Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին։

Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 28-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության տեսուչը ծառայության ընթացքում Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի 49Ա հասցեի մոտակայքում նկատել է տղամարդու, ով ատրճանակին նմանվող առարկայով կրակոցներ արձակելիս է եղել ու մոտենալով պարզել է, որ վերջինս Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ֆրունզիկ Ս․-ն է։

Ոստիկանության գվարդիայի տեսուչին տղամարդը հայտնել է, որ ձեռքինն ատրճանակ է, պատկանում է իրեն և քանի որ ատեստավորման քննության է, մի քանի անգամ կրակել է գետնին։ Տղամարդը ինքնակամ ներկայացրել է ատրճանակը։

Կայքի տեղեկություններով Ֆրունզիկ Ս․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

Source: https://news.am/hy/news/1046816