Անցյալ ամիս թուրքական դատարանը չեղարկեց Հանրապետական-ժողովրդական կուսակցության 2023 թվականի համագումարի արդյունքները, որով նախագահ էր ընտրվել Օզգյուր Օզելը՝ հղում անելով ընթացակարգային խախտումներին։ Դատարանի որոշմամբ այդ պաշտոնում վերականգնվեց Քեմալ Քըլըչդարօղլուն՝ թուրքական քաղաքականության երկդիմի անձը և Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախկին առաջնորդը, որը 2023 թվականի նախագահական ընտրություններում պարտվել էր նախագահ Թայիփ Էրդողանին։

Դատարանի այս վճիռը, որը քննադատներն անվանում են քաղաքականապես ուղղորդված, ցնցել է ֆինանսական շուկաները և ուժեղացրել մտահոգությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրում ժողովրդավարության ու օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ։

Ընդդիմադիր բլոկում առկա խնդիրները կարող են ամրապնդել Էրդողանի դիրքերը և օգնել նրան երկարաձգել իր ավելի քան երկու տասնամյակ տևող կառավարումը։ Հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն մինչև 2028 թվականը, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ դրանք կարող են տեղի ունենալ ավելի վաղ, եթե կառավարությունը որոշի օգտվել Հանրապետական-ժողովրդական կուսակցության ներսում առկա պառակտումից, գրում է Reuters-ը։

Հանրապետական-ժողովրդական կուսակցության երկու առաջնորդներն էլ հայտարարել են խորհրդարանական խմբակցության ամենշաբաթյա նիստում ելույթ ունենալու մտադրության մասին, և Օզելին աջակցող պատգամավորները խորհրդարանի շենքում հավաքվել էին մեկնարկից մի քանի ժամ առաջ։ Սակայն Քըլըչդարօղլուն հայտարարեց իր հանդիպումը կուսակցության կենտրոնական գրասենյակ տեղափոխելու մասին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Անկարայի հանրաճանաչ քաղաքապետ Մանսուր Յավաշը, որը դիտարկվում է որպես ընդդիմության հնարավոր նախագահական թեկնածու, կոչ արեց նրան «խոհեմ գործել»։

«Էությունը հանձնվելը կամ կապիտուլյացիայի ենթարկվելը չէ, էությունը դիմադրելն է»,- բուռն ծափահարությունների ներքո խորհրդարանում դիմելով Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորներին՝ հայտարարել է Օզելը։ նա հավելել է, որ իրենք բարձր գին են վճարում թուրքական ժողովրդավարությունը փրկելու համար։

«Խոսքը կուսակցության՝ իր թեկնածուների և ղեկավարության հետ միասին, լիակատար վերացման մասին է՝ հանուն Էրդողանի իշխանության պահպանման»,- ընդգծել է Օզելը։

Նոր-հին առաջնորդը խոստանում է արմատախիլ անել կոռուպցիան

Ելույթ ունենալով Անկարայում կուսակցության գրասենյակում այն բանից անմիջապես հետո, երբ Օզելն ավարտեց իր խոսքը մոտակայքում գտնվող խորհրդարանի շենքում, Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացավ կուսակցության շարքերից հեռացնել բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն որևէ իրավախախտման հետ։

«Ես կմաքրեմ կուսակցությունը կեղտից»,- հայտարարել է նա գրասենյակի մոտ հավաքված հարյուրավոր կողմնակիցների առջև։ «Նրանք, ովքեր գնում են պատվիրակների ձայները, չեն կարող լինել այս կուսակցությունում, և նրանք այստեղ չեն լինի»։

Քըլըչդարօղլուի վերադարձը և նրա վերջին կոշտ քննադատությունը կուսակիցների հասցեին կատաղություն են առաջացրել կուսակցության ներսում նրա հակառակորդների մոտ։

Այս զուգահեռ հանդիպումները կարող են դառնալ Օզելի և նրա ընտրված թիմի վերջին փորձերից մեկը՝ պահպանելու վերահսկողությունը աշխարհիկ կենտրոնամետ կուսակցության նկատմամբ. կուսակցություն, որը հիմնադրել է ժամանակակից Թուրքիայի Հանրապետության ստեղծող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

Դատական ճնշումը և արտահերթ ընտրությունների ուրվականը

Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը, որը սոցիոլոգիական հարցումներում ընթանում է գրեթե հավասար Էրդողանի պահպանողական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ, 2024 թվականից ի վեր բախվում է դատական համակարգի կողմից գործադրվող աննախադեպ ճնշումների։ Կուսակցության հարյուրավոր անդամներ և ընտրովի պաշտոնյաներ ձերբակալվել են կոռուպցիայի մեղադրանքներով, ինչը կուսակցությունը կտրուկ հերքում է։

Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ մտադիր է կուսակցությունն ամբողջությամբ զերծ պահել կաշառակերությունից՝ նկատի ունենալով ՀԺԿ ներկայացուցիչների կողմից ղեկավարվող քաղաքապետարանների հետ կապված քրեական գործերը։

Օզելի գլխավորած պաշտոնանկ արված ղեկավարությունը մերժում է կոռուպցիայի մեղադրանքները՝ կատարվածն քաղաքականապես մոտիվացված և հակաժողովրդավարական «հեղաշրջում» անվանելով։ Իր հերթին, Թուրքիայի կառավարությունը հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ թուրքական դատարանները բացարձակապես անկախ են։

Այս պահին Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն ունի 138 պատգամավորական մանդատ 600-տեղանոց խորհրդարանում։ Դատարանի որոշումից հետո նրանց մոտ երկու երրորդը քվեարկել է Օզելին հենց խորհրդարանական խմբակցության ղեկավար հաստատելու օգտին։

Source: https://news.am/hy/news/1042338