Ջրային անվտանգության փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ ընտրված երանգը կարող է կանխել խեղդվելու դեպքերը։
Լողափին կամ ավազանի մոտ հաճելի հանգիստը կարող է հեշտությամբ վերածվել ողբերգության. վիճակագրությունը փաստում է, որ տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում ջրահեղձ լինելու պատճառով։ Այդուհանդերձ, ջրային անվտանգության մասնագետները վստահ են, որ խեղդվելու դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել։
Հետազոտողները խորհուրդ են տալիս տիրապետել լողալու տարրական հմտություններին, նշանակել «ջրային հսկիչների», որոնք աչք չեն կտրի ջրում գտնվող երեխաներից, ինչպես նաև խուսափել միայնակ կամ ալկոհոլի ազդեցության տակ լողալուց, գրում է «Ֆոկուս»-ը։ Սակայն կա ևս մեկ՝ ավելի զարմանալի հանգամանք. փորձագետները նաև կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։
Այդ դեպքում լողազգեստի ո՞ր գույնն է համարվում ամենաանվտանգը։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։
Երբ ջուրը շարժվում է և անդրադարձնում արևի լույսը, որոշ գույներ ջրի տակ ուղղակի անհետանում են։ Սա հատկապես վերաբերում է բաց ջրամբարներին, որտեղ ջուրը կարող է պղտոր լինել, և դժվար կլինի որևէ բան տեսնել։ Արդյունքում փորձագետները համակարծիք են՝ որքան վառ է գույնը, այնքան բարձր է լողորդի անվտանգությունը։ Այնուամենայնիվ, ամենաանվտանգը համարվում են վառ նարնջագույն և դեղին լողազգեստները։
Alive Solutions հանրային անվտանգության ապահովման խմբի կողմից անցկացվել է ոչ պաշտոնական հետազոտություն, որի ընթացքում ստուգվել է լողազգեստների տեսանելիությունը երեք տարբեր պայմաններում.
Մուգ հատակով լողավազանում, որը հիշեցնում է խորը կապույտ օվկիանոսը։
Շագանակագույն-մոխրագույն ջուր ունեցող բաց լճում
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամենատեսանելի գույնը վառ նեոնային նարնջագույնն է։ Այնուամենայնիվ, որոշակի տարբերություններ են նկատվել այն հարցում, թե որ երանգներն են ավելի լավ ընդգծվում տարբեր պայմաններում։ Օրինակ՝ ավազանի մուգ հատակին առավել ցայտուն են եղել նեոնային դեղինը, կանաչը և նարնջագույնը, մինչդեռ վառ կարմիրն ու վարդագույնն ավելի մուգ են թվացել, իսկ բաց ու մուգ երանգները միաձուլվել են ջրին։ Բաց գույնի հատակ ունեցող ավազանում գույների մեծ մասն աչքի է ընկել, մինչդեռ բաց երանգները, ինչպիսիք են սպիտակն ու բաց երկնագույնը, գրեթե ակնթարթորեն անհետացել են։ Միևնույն ժամանակ, լճում տեսանելի են եղել միայն նեոնային գույները, իսկ մնացած բոլոր երանգներն արագ անհետացել են։
Source: https://news.am/hy/news/1049994