Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն կարգադրել է հետաքննություն անցկացնել իր վարչակազմին առընթեր ենթադրյալ կեղծ պետական հաստատության ստեղծման գործով, որի գործունեության համար բյուջեից հատկացվել էր շուրջ 950 հազար դոլար, հաղորդում է BBC News-ը:

Ստուգման առիթ են դարձել նախագահին առընթեր Օտարերկրյա ներդրումների խրասուսման այսպես կոչված խորհրդի (Presidential Foreign Intervention Promotion Council, PFIPC) շուրջ հնչած մեղադրանքները։ Ինչպես հայտարարել են պետության ղեկավարի վարչակազմից, այդ մարմնի ստեղծման մասին նամակը, որն իբր ստորագրել էր նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆեմի Գբաջաբիամիլան, պարզվել է՝ կեղծ է:

Կոռուպցիային և դրա ն առնչվող հանցագործությունների դեմ պայքարի հանձնաժողովին (ICPC) հանձնարարվել է 30 օրվա ընթացքում ներկայացնել հետաքննության ամբողջական զեկույցը: Ստուգումը պետք է պարզի այն կազմակերպության հայտնվելու հանգամանքները, որն, իշխանությունների պնդմամբ, պաշտոնական կարգավիճակ չի ունեցել, սակայն կարողացել է ձեռք բերել օրինական պետական հաստատության հատկանիշներ։

Հետաքննող մարմիններն ուսումնասիրում են պաշտոնական փաստաթղթերի հնարավոր կեղծումը, կազմակերպության անունով բանկային հաշիվների բացումը, դիվանագիտական աջակցություն և վիզաների ձևակերպման հարցում օժանդակություն ստանալու փորձերը, ինչպես նաև այս սխեմայում պետական ու մասնավոր անձանց հնարավոր ներգրավվածությունը:

Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել PFIPC-ի գլխավոր տնօրեն ներկայացած Ադենիի Ադեեմի Մեթյուի նկատմամբ: Նա կասկածվում է փաստաթղթեր կեղծելու, լիազորություններն ապօրինի յուրացնելու և այլ խախտումների մեջ: Անհետանալուց առաջ նա տեղական լրատվամիջոցներին հայտարարել էր, թե անմեղ է, վախենում է իր կյանքի համար և մտադիր է ներկայանալ դատարան՝ իր դիրքորոշումը պաշտպանելու համար:

Ադեեմին պնդում էր, որ խորհուրդը ստեղծվել է 2024 թվականին՝ Նիգերիա օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Նա նշել է, որ կառույցը գործել է օրինական հիմքերով, սակայն նա մեղադրում էր որոշ պաշտոնյաների՝ կաշառք կորզելու և կազմակերպության միջոցների նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձերի մեջ: Նախագահի վարչակազմում այդ մեղադրանքները հերքել են:

Ստուգումների տվյալներով՝ PFIPC-ն գրասենյակ է ունեցել երկրի մայրաքաղաք Աբուջայում գտնվող կառավարական համալիրում, բանկային հաշիվներ՝ Նիգերիայի Կենտրոնական բանկում և ներառված է եղել 2026 թվականի բյուջեում՝ շուրջ 1,3 միլիարդ նայրա (մոտ 950 հազար ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ: Կազմակերպության հաստիքացուցակում գրանցված է եղել երեք աշխատակից, որոնց ոստիկանությունն արդեն հարցաքննել է:

Նախագահ Տինուբուն հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել պետական ինստիտուտների հեղինակությունը ինքնակոչության, փաստաթղթերի կեղծման և պաշտոնեական ինքնության չարաշահման դեպքերից:

«Բոլոր այն անձինք, ովքեր մեղավոր կճանաչվեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն գործող օրենսդրությանը խստիվ համապատասխան»,- ասված է Նիգերիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:

Source: https://news.am/hy/news/1048694