Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծրագրում է հուլիսի 18-ին մեկնել ԱՄՆ՝ հաջորդ շաբաթ սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը։

Հրապարակման տվյալներով՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Իսրայելի վարչապետի հանդիպումը ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ դեռևս պլանավորված չէ, սակայն «սպասվում է, որ այն տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին»։

Ավելի վաղ Նեթանյահուն ցավակցություն էր հայտնել Գրեմի մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով Իսրայելի «լավագույն բարեկամներից մեկը»։ Իսրայելական կողմից ցավակցական խոսքեր են հղել նաև երկրի նախագահ Իցհակ Հերցոգն ու արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ ընդգծելով, որ քաղաքական գործիչը միշտ սատարել է Իսրայելին։

Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Գրեմը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ին՝ 71 տարեկան հասակում։ Նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագծի հիմնական հեղինակներից մեկն էր։ Փաստաթուղթն ապրիլի սկզբին ներկայացրել էր ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը։ Օրինագծի առանցքային հեղինակներն էին դարձել Գրեմն ու Ռիչարդ Բլյումենթալը (դեմոկրատ Կոնեկտիկուտ նահանգից)։ Այս նախաձեռնությունը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է երկրորդային պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության առևտրային գործընկերների նկատմամբ։ Սենատորների առաջարկում նշվում էր ԱՄՆ ներմուծման համար 500% մաքսատուրք սահմանել այն երկրների համար, որոնք նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ են գնում Ռուսաստանից։ Բացի հակառուսական գործունեությունից, Գրեմն ակտիվորեն սատարում էր Իսրայելին և հանդես էր գալիս որպես Իրանի դեմ ԱՄՆ ռազմական արշավի գլխավոր կողմնակիցներից մեկը։

Source: https://news.am/hy/news/1049920