Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խիստ քննադատել է Իսրայելի նկատմամբ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն ու ներգաղթի ծավալները՝ երկիրն անվանելով «Բրիտանիայի իսլամական հանրապետություն»։

Իսրայելական փոդքասթներից մեկի հարցազրույցում Նեթանյահուն հայտնել է, որ ժամանակակից Մեծ Բրիտանիայում անհնար է գտնել Իսրայելի պատմության օբյեկտիվ կամ բարեհաճ լուսաբանում՝ ի տարբերություն անցյալի, հիշատակելով, թե ինչպես էր Ուինսթոն Չերչիլի թոռը լուսաբանում 1967 թվականի Վեցօրյա պատերազմը։

Վարչապետը նաև թունոտ մեկնաբանություն է արել Եվրոպայում ժողովրդագրական և քաղաքական փոփոխությունների թեմայով։ «Ինչ-որ մեկն ասել է... որ միջուկային զենք ունեցող առաջին իսլամական հանրապետությունը կլինի Բրիտանիայի իսլամական հանրապետությունը։ Ուստի մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Իրանը նման հնարավորություն չունենա»։

Այս հայտարարությունները հնչել են Լոնդոնի և Թել Ավիվի հարաբերություններում շարունակվող ճգնաժամի ֆոնին՝ Գազայի պատերազմի, բրիտանական կառավարության կողմից իսրայելական գործողությունների քննադատության և բրիտանական կողմից Պաղեստինի պաշտոնական ճանաչման պատճառով։ Ավելի վաղ Նեթանյահուն բազմիցս մեղադրել էր Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավարությանը ՀԱՄԱՍ-ին փաստացի հովանավորելու մեջ։

Source: https://news.am/hy/news/1055428