Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Անկարա կատարելիք այցից առաջ նրա հետ մի քանի անգամ քննարկել է Թուրքիայի վերադարձը F-35 կործանիչների արտադրության և մատակարարման ծրագիր թույլ չտալու անհրաժեշտությունը։
«Բոլորն էլ հասկանում են, որ, չնայած [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանի հետ նախագահ Թրամփի անձնական մտերմությանը, դա Թուրքիային չի դարձնում բարեկամ երկիր Միացյալ Նահանգների նկատմամբ»,- ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուն մեղադրել է Թուրքիային այն բանում, որ նա «վարակված է» «Մուսուլման եղբայրներ»-ի գաղափարախոսությամբ, սպառնում է Եվրոպական Միության երկրներին, օկուպացնում է Կիպրոսը, ապաստան է տրամադրում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներին և բանտարկում է քաղաքական հակառակորդներին ու լրագրողներին։
«Նա հաստատ Միացյալ Նահանգների օրինակելի դաշնակից չէ»,- հայտարարել է իսրայելական վարչապետը՝ հավելելով, որ Էրդողանը սպառնում է Իսրայելի ոչնչացմամբ։
Նեթանյահուի խոսքով՝ Թուրքիան «ագրեսիվ նկրտումներ» ունի:
«Սա մի ուժ չէ, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է նա՝ պնդելով, որ Թուրքիային F-35-ների փոխանցումը կհանգեցնի «ագրեսիայի՝ որպես դրա հետևանք»։
Ավելի վաղ Անկարայում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտնել էր, որ մտադիր է հանել պատժամիջոցները Թուրքիայից և դիտարկել Անկարային F-35 կործանիչների վաճառքը վերսկսելու հնարավորությունը։
Source: https://news.am/hy/news/1048468