Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ, չնայած Իրանի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած որոշակի տարաձայնություններին, գլխավոր ասպեկտներում երկու կողմերն էլ հանգում են միասնական դիրքորոշման։

Նեթանյահուն նշել է, որ դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Վաշինգտոնի և Թեհրանի միջև ժամանակավոր խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

«Նախագահը կարծում է, որ կկարողանա կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը»,- ասել է իսրայելական կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ ինքն անձամբ կասկածամտորեն է վերաբերվում դրան։

«Գլխավոր հարցերում մենք նույն կերպ ենք մտածում, իսկ երբեմն մեր կարծիքները տարամիտվում են, բայց մենք մնում ենք իսկական դաշնակիցներ»,- ընդգծել է Նեթանյահուն։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հնարավոր վաճառքը՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ նման քայլը «կկործանի» ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։

«Դա կկործանի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, քանի որ, իմ կարծիքով, Թուրքիան ագրեսիվ նկրտումներ ունի»,- հայտարարել է Նեթանյահուն։

«Երբ դուք նրան նման հզորություն եք տալիս, դրան անմիջապես հաջորդելու է ագրեսիան»,- հավելել է նա։

Source: https://news.am/hy/news/1048475