Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան կհրավիրի անվտանգության կաբինետի նիստ: Դա տեղի կունենա առաջին անգամ այն պահից ի վեր, երբ լուրեր հայտնվեցին ԱՄՆ-ի և Իրանի միջև նախապատրաստվող համաձայնագրի մասին, որը արժանացել է իսրայելցի պաշտոնյաների խիստ քննադատությանը։ Վերջիններս մասնավոր զրույցներում այս նախաձեռնությունն անվանում են «վատ գաղափար», հաղորդում է CNN-ը:
Թեև Նեթանյահուն խուսափում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հրապարակային քննադատությունից, իսրայելական երկու աղբյուրներ CNN հեռուստաալիքին հայտնել են, որ փակ քննարկումների ժամանակ վարչապետն ընդունել է իր սահմանափակ ազդեցությունը Վաշինգտոնում որոշումների ընդունման գործընթացի և Թեհրանի հետ նրա բանակցությունների վրա:
Իսրայելցի պաշտոնյաների կարծիքով՝ նախապատրաստվող գործարքի նախագիծն իր ներկայիս տեսքով անուշադրության է մատնում Իսրայելի առանցքային մտահոգությունները՝ Իրանի միջուկային ծրագրի և հարստացված ուրանի նրա պաշարների առնչությամբ:
Ավելին, ըստ առկա տվյալների, Իրանն ակտիվորեն պնդում է Լիբանանում հրադադարի ռեժիմի ամրապնդման վրա, մինչդեռ «Հըզբոլլահ» խմբավորումը զուգահեռաբար մեծացնում է ամենօրյա հարձակումների ինտենսիվությունը՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իսրայելական զորքերի դիրքերի և հյուսիսային սահմանի բնակավայրերի ուղղությամբ:
Բենիամին Նեթանյահուն բախվում է աճող ճնշման ինչպես քաղաքական մրցակիցների, այնպես էլ սեփական կոալիցիայի անդամների կողմից: Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտը, որն այժմ ղեկավարում է հաջորդ ընտրություններում կառավարությունը փոխելուն միտված կուսակցությունը, իրավիճակը բնութագրել է հետևյալ կերպ.
«Սա Իսրայելի համար ոչ շահավետ պայմաններով պարտադրված հրադադար է, որը վտանգի է ենթարկում հյուսիսի բնակիչներին և ՑԱԽԱԼ-ի զինվորներին»։
Միևնույն ժամանակ, Նեթանյահուի ծայրահեղ աջ քաղաքական դաշնակիցները՝ նախարարներ Իտամար Բեն-Գվիրը և Բեցալել Սմոտրիչը, շատ ավելի ագրեսիվ ռազմական պատասխանի կոչ են արել:
Բեն-Գվիրը Նեթանյահուին կոչ է արել բացահայտ վեճի մեջ մտնել Թրամփի հետ և «հստակ հասկացնել, որ Իսրայել պետությունը նման բան չի հանդուրժի»:
Սմոտրիչը հայտարարել է, որ «ռազմավարական սպառնալիքին չի կարելի պատասխանել միայն պաշտպանությամբ. անհրաժեշտ է փոխել բուն խաղի կանոններն ու հավասարումը»։
«Յուրաքանչյուր պայթած անօդաչու թռչող սարքի դիմաց Բեյրութում պետք է 10 շենք փլուզվի»,- ընդգծել է Սմոտրիչը։
Չդադարող քննադատության ֆոնին Նեթանյահուն երկուշաբթի հանդես է եկել տեսաուղերձով, որում հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը կուժեղացնի հարվածները Լիբանանում՝ «Հըզբոլլահի» անօդաչուների զանգվածային գրոհներով ուղեկցված օրվանից հետո:
«Մենք պետք է ավելի շատ հարվածներ հասցնենք, մեծացնենք ինտենսիվությունը: Մենք նրանց վճռական պատասխան կտանք»,- հայտարարել է Նեթանյահուն։
Source: https://news.am/hy/news/1038546
World
Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի մասին հաղորդագրությունների ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։