Իսրայելի դատարանը կրճատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հարուցված գործերով դատական լսումները։ Որոշումը կայացվել է հենց կառավարության ղեկավարի խնդրանքով՝ «անվտանգության նկատառումներից և քաղաքական պատճառներից ելնելով», հայտնում է Ynet պորտալը։

Պորտալի տվյալներով՝ Նեթանյահուի գործերով լսումները, դատավորների համաձայնությամբ, կավարտվեն մայիսի 26-ին՝ ժամը 13:30-ին, իսկ մայիսի 27-ին դրանք կանցկացվեն կրճատ ձևաչափով՝ ժամը 09:00-ից մինչև 11:00-ն:

Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիոն երեք գործերով՝ ավելի քան 700 հազար շեկելի (230 հազար դոլար) արժողությամբ ապօրինի նվերներ, այդ թվում՝ սիգարներ և շամպայն ստանալու, իր քաղաքականության բարենպաստ լուսաբանման դիմաց զանգվածային լրատվամիջոցների կարգավորման հետ կապված խարդախությունների, ինչպես նաև ընկերների շահերից բխող նախագծերի առաջմղման նպատակով կաշառակերության մեջ։ Թել Ավիվի և Երուսաղեմի դատարաններում այս գործընթացը շարունակվում է 2020 թվականից, և Նեթանյահուն բազմիցս հերքել է իր մեղավորությունը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետն սկսել է ցուցմունքներ տալ դատարանում։

Source: https://news.am/hy/news/1038399