Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում Լիբանանի հետ շրջանակային համաձայնագիրն անվանել է «պատմական ձեռքբերում Իսրայելի համար»՝ հայտարարելով, որ այն առաջ է մղում երկկողմ հակամարտության ավարտի գործընթացը և բացում է «Իսրայելի և Լիբանանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի» հեռանկարը, հաղորդել է The Times of Israel-ը։

Նեթանյահուն հայտարարել է, որ պայմանավորվածությունը «լուրջ հարված» է Իրանին և «Հեզբոլլահին», ինչպես նաև պնդել է, որ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ը և Լիբանանը համաձայնել են Լիբանանի տարածքում իսրայելական անվտանգության գոտու պահպանմանը այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար։

«Մենք այն կպահպանենք այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» և մյուս ահաբեկչական խմբավորումները չեն զինաթափվել», — ասել է նա՝ հավելելով, որ խոսքն անվտանգության գոտու մասին է, որը կմնա «այնքան ժամանակ, քանի դեռ Լիբանանից Իսրայելի համար կշարունակի սպառնալիք բխել»։

Նեթանյահուի խոսքով՝ Իրանը ձգտում էր հասնել իսրայելական ուժերի դուրսբերմանը Հարավային Լիբանանից, սակայն Իսրայելը դիմադրել է դրան։ Նա նաև նշել է համաձայնագրի նկատմամբ Իրանի և «Հեզբոլլահի» կտրուկ քննադատությունը։

«Ըստ այս համաձայնագրի՝ Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը փաստացի ասում են Իրանին. «Սա ձեր գործը չէ։ Դուք այստեղ կարգավիճակ չունեք, ներգրավվածություն չունեք և դեր չունեք։ Ո՛չ դուք, ո՛չ «Հեզբոլլահը», ո՛չ էլ որևէ ահաբեկչական խումբ»», — հայտարարել է նա։

Նեթանյահուն նաև ընդունել է, որ Իսրայելը զորքերը դուրս կբերի երկու փոքր շրջաններից, որոնք այժմ գտնվում են նրա վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ դա «Հեզբոլլահի» զինաթափման և տարածքները լիբանանյան բանակին փոխանցելու փորձնական մեխանիզմի մի մասն է։

Նա ճշտել է, որ գոտիներից մեկն ամբողջությամբ գտնվում է անվտանգության գոտու պարագծից դուրս, իսկ մյուսը տեղակայված է դրա սահմանին և այլևս ՑԱԽԱԼ-ի կողմից պահվելու կարիք չկա։

Այսպիսով, հայտարարել է վարչապետը, Իսրայելը պահպանում է ողջ անհրաժեշտ անվտանգության գոտին՝ երկրի հյուսիսային շրջանները պաշտպանելու համար։

Source: https://news.am/hy/news/1046378