Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօրվա կառավարության նիստում զգուշացրել է, որ Իսրայելը «շատ լուրջ» է ընդունում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությունը հրեական պետության հասցեին և մտադիր է դրա վրա հրավիրել ԱՄՆ-ի ուշադրությունը, հայտնում է The Times of Israel թերթը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։

«Հազիվ թե մի օր անցնի, որ Էրդողանը չկոչ անի ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե մեր ժողովրդի պատմությունը մեզ ինչ-որ բան սովորեցրել է, ապա այն, որ երբ ինչ-որ մեկը ասում է, թե մտադիր է ոչնչացնել քեզ, դրան պետք է լուրջ վերաբերվել», — մեջբերում են վարչապետի խոսքերը։

«Մենք նաև մեր ամերիկացի բարեկամների ուշադրությունը կհրավիրենք այս հայտարարությունների վրա։ Մենք չենք պատրաստվում դրանք անտեսել», — ասել է նա կառավարության անդամներին։

Վերջին շրջանում Էրդողանը և թուրք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ուժեղացրել են Երուսաղեմի հասցեին հնչող սպառնալիքները։ Այսպես, ավելի վաղ այս ամսվա ընթացքում Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ էր արել երկրին «ազատագրել» Երուսաղեմը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ հրահրված պատերազմի սկզբից ի վեր Էրդողանը մնում է Իսրայելի ամենակոշտ արտասահմանյան քննադատներից մեկը։ Նա Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ, ողջունել է Միջազգային քրեական դատարանի կողմից իսրայելցի առաջնորդների ձերբակալության օրդերների տրամադրումը և ՄԱԿ-ին կոչ արել առաջարկել Իսրայելի դեմ ուժի կիրառում։

Արևմտյան և իսրայելական որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ 2025 թվականի մարտին Ռամադանի ավարտի առթիվ աղոթքի ժամանակ Էրդողանը կոչ է արել Ալլահին ոչնչացնել Իսրայելը՝ ասելով. «Թող Ալլահը, հանուն իր անվան… ոչնչացնի և ջախջախի սիոնիստական Իսրայելին»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հաճախ դրական է արտահայտվում Էրդողանի մասին, անցյալ շաբաթ ենթադրել էր, որ թուրք առաջնորդը կարող էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմ մտնել Թեհրանի կողմում, քանի որ «չի սիրում Իսրայելին»։ Միևնույն ժամանակ Թուրքիան հակամարտությանը մասնակցելու նախապատրաստության որևէ նշան չէր տվել։

Նույն օրը Թրամփը նաև հասկացրել էր, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից առաջ նախապատրաստում է Թուրքիայի հետ սպառազինության վաճառքի գործարք, այդ թվում՝ F-35 ցածր նկատելիությամբ կործանիչներ և տասնյակ ավիացիոն շարժիչներ։ Այդ հեռանկարը արդեն մի քանի ամիս է՝ մտահոգություն է առաջացնում Երուսաղեմում։

Source: https://news.am/hy/news/1046544